չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Օթևան համայքի տարածքում ապօրինի ընդերքօգտագործմամբ պատճառված շուրջ 20մլն դրամի վնասը վերականգնվել է. Դատախազություն

Օթևան համայքի տարածքում ապօրինի ընդերքօգտագործմամբ պատճառված շուրջ 20մլն դրամի վնասը վերականգնվել է. Դատախազություն

ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզի դատախազության դատավարական հսկողության ներքո՝ մարզային քննչական վարչության Թալինի քննչական  բաժնում  ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ  «N» ՍՊ ընկերության՝ որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտված պատասխանատու անձինք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 2019թ. մարտի 15-ի հրամանով ընկերությանը տրամադրված՝ մարզի Օթևան համայնքի վարչական տարածքի 6.8 հա մակերեսով հողատարածքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման պայմանագրի հիման վրա Արագածոտնի մարզի Օթևանի տուֆերի երևակման հատվածում իրականացրել է երկրաբանական ուսումնասիրություն: Այւս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը։

Քննությամբ պարզվել, որ վերջինս խախտել է երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման պայմանագրի մի քանի կետեր և ՀՀ հողային օրենսգրքի պահանջները: Մասնավորապես՝ նշված պայմանագրով և դրան կից 2019թ. ընթացքում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման ժամանակացույցով թույլատրված 300 մ3 ծավալով փորձնական հանույթի աշխատանքների փոխարեն տեղամասում և տեղամասի սահմաններից դուրս գտնվող տարածքում քանդել և տեղահանել է լեռնային զանգված, մինչև 2020թ. սեպտեմբերի 1-ը չի կատարել շահագործված տարածքի հողերի ռեկուլտիվացիա՝ լանդշաֆտի վերականգնման նպատակով շահագործված տարածքը չի ծածկել հողաշերտով, որի արդյունքում դեգրադացվել է գյուղատնտեսական նշանակության հող՝ արոտավայր, և պետությանը պատճառվել  է ընդհանուրը 19.594.291 ՀՀ դրամի չափով վնաս:

Քրեական գործով շարունակվող նախաքննությամբ միջոցներ են ձեռնարկվում հանքի ապօրինի շահագործման, ընդերքօգտագործման թույլտվություն ստացած և պայմանագրային պարտավորությունների, օրենսդրության պահանջների խախտմամբ իրականացված գործունեությամբ հողերի դեգրադացման հանգամանքները լիարժեք պարզելու, դրանց համար պատասխանատու անձանց արարքներին վերջնական իրավական գնահատականներ տալու ուղղությամբ:

ՀՀ Արագածոտնի մարզի դատախազության հետևողականության արդյունքում պետությանը պատճառված վերոնշյալ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:  

  • Կիսվել: