հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ոստիկանությունը կոչ է անում օրինապահության, փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության

Ոստիկանությունը կոչ է անում օրինապահության, փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության

Ոստիկանությունից հայտնում են՝ վերջին օրերին մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին անցկացվող քաղաքացիական ակցիաների շրջանակում, ցավոք, սկսել են հաճախանալ օրինականության խախտման, համակեցության կանոնները չպահպանելու, համաքաղաքացիների սահմանադրական իրավունքները ոտնահարելու դեպքերը:

Ավելին, ակցիաների որոշ մասնակիցներ քաշքշուքներ են հրահրում հասարակական կարգն ու հենց իրենց անվտանգությունը ապահովող ոստիկանների հետ, շշեր են նետում նրանց վրա, վնասում ոստիկանական մեքենաները, պոկում ոստիկանության ծառայողի կրծքանշանները և այլն:

Արձանագրվում են դեպքեր, երբ երթի մասնակից սակավաթիվ քաղաքացիները միտումնավոր փակում են ողջ փողոցը և հրաժարվում կատարել բանուկ ճանապարհահատվածը բացելու հորդորները, ավելին՝ դիմադրություն են ցույց տալիս մյուս քաղաքացիների տեղաշարժի իրավունքը վերականգնող ոստիկաններին:

Ոստիկանությունը հիշեցնում է՝ վերոհիշյալ գործողություններն ու նմանատիպ արարքները իրավախախտումներ են և ենթակա համապատասխան իրավական գնահատականի ու հետևանքների:

«Հասարակական ակցիաների մասնակիցներին հորդորում ենք գործել բացառապես օրենքի շրջանակներում, հարգել համաքաղաքացիների նույնպիսի սահմանադրական իրավունքները, անվերապահորեն կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները: Կրկնում ենք՝ հասարակության բոլոր անդամներն ունեն նույն սահմանադրական իրավունքները, որոնցից հիմա օգտվում եք դուք, և ոստիկանությունը կոչված է ապահովելու ինչպես ձեր, այնպես էլ նրանց իրավունքները, պահպանելու հասարակական կարգը բոլորի համար և պաշտպանելու յուրաքանչյուրին՝ ցանկացած ոտնձգությունից:

Կոչ ենք անում օրինապահության, փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության և ակնկալում քաղաքացիների աջակցությունը ոստիկանությանը՝ հատկապես այս օրերին հասարակական կարգն ապահովելու գործում»,- ասված է Ոստիկանության հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: