շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ոստիկանությունը գործում է չափազանց բեւեռացված մթնոլորտում՝ թե՛ ընդդիմության, թե իշխանության դերակատարների կողմից. ՄԻՊ

Ոստիկանությունը գործում է չափազանց բեւեռացված մթնոլորտում՝ թե՛ ընդդիմության, թե իշխանության դերակատարների կողմից. ՄԻՊ

Մենք արձանագրել էինք, որ հունիսի 3-ին որոշ դեպքերում ոստիկանության կողմից կիրառված ուժը եղել էր անհամաչափ: Դա վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ ոստիկանի օրինական պահանջը կատարելուց հրաժարված անձին ոստիկանությունը բերման է ենթարկում, այդ պահին այդ անձը գտնվում է բացարձակ իրենց տիրապետության ներքո, այդ պահին կիրառված ուժը անհրաժեշտ ու պիտանի չէ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:

Նա հիշեցրեց, որ իրենք խնդրել էին ոստիկանությունից պարզաբանումներ ոստիկանների կողմից ստացված վնասվածքների բնույթի, ինտենսիվության, վիրավորված ոստիկանների թվի վերաբերյալ:

՛՛Մեդիայի նյութերը, տեսանյութերը մեզ էլ էին համոզել, որ այնտեղ կոնկրետ կար ոչ խաղաղ մոտեցում, բռնության նպատակադրում, որն արտահայտվում էր դեպի ոստիկանության ծառայողները քարերի ու տարբեր առարկաների նետումներով: Նետել էին քարեր, շշեր, մետաղական առարկաներ: Նաեւ տեսել էինք, որ ոստիկանության կողմից կային շշերի նետումներ:

Մենք նաեւ արձանագրել էինք, որ խաղաղ հավաքի ընթացքը չի ենթադրում նման տեսակ բռնության կիրառում կամ դիմադրություն ոստիկանության կողմից: Մենք պահանջել էինք պարզաբանումներ ոստիկանությունից՝ կիրառված հատուկ միջոցների էության մասին՝ ինչպիսի՛ն էին դրանք, ոստիկանությունն ինչպիսի՛ չափանիշներով էր գնահատել հատուկ միջոցի կիրառման անհրաժեշտությունը՛՛,-ասաց ՄԻՊ-ը եւ հավելեց, որ ոստիկանությունից դեռ պատասխան չեն ստացել, բայց տեսել են ոստիկանության պարզաբանումը, որտեղ հիմնավորվում էր քարերի, մետաղական առարկաների նետման հետեւանքով ոստիկանների ստացած վիրավորումները:

Լրագրողների հարցին, թե ինչպես է գնահատում ոստիկանության գործողությունները, ՄԻ պաշտպանն ասաց. ՛՛Պետք է հասկանանք, որ ոստիկանությունը գործում է չափազանց բեւեռացված մթնոլորտում, ընդ որում, թե ընդդիմության, թե իշխանության դերակատարների կողմից: Ոստիկանության համար նման անհնազանդության ակցիան հեշտ առաջադրանք չէ: Այստեղ կարեւոր է արձանագրել, որ որոշ դեպքերում ոստիկանների կողմից եղել են օրենքի խախտումներ, որոշ դեպքերում հայտարարվեց, որ կարգապահական վարույթներ են հարուցվել, քրեական վարույթներ կան հարուցված:

Մեր պահանջն է, որ յուրաքանչյուր դեպք քննվի, պատշաճ գնահատական տրվի ոստիկանության գործողություններին եւ դրա հետեւանքներին: Մենք նաեւ պետք է նայենք, թե ամբոխի կառավարման ինչպիսի մասնագիտական թրեյնինգներ են պետք ոստիկանությանը:

Նման բեւեռացված իրավիճակում ոստիկաններից պահանջվում է ծայրահեղ զսպվածություն եւ սառնասրտություն: Այս առումով մեր ոստիկանները դեռ անելիք ունեն՛՛:

  • Կիսվել: