հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ոստիկանությունը 24 ժամյա իրական ռեժիմով հասանելիություն կունենա հասարակական օբյեկտների տեսահսկման համակարգերին

Ոստիկանությունը 24 ժամյա իրական ռեժիմով հասանելիություն կունենա հասարակական օբյեկտների տեսահսկման համակարգերին

Ներքին գործերի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որի ընդունման դեպքում ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնը 24 ժամյա իրական ռեժիմով հասանելիություն կունենա հասարակական օբյեկտների տեսահսկման համակարգերին։

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին ասաց Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։ 

Ֆիդանյանը նշեց, որ խոսքը բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, զենքի առևտրով զբաղվող կազմակերպությունների, դեղատների, առևտրի օբյեկտների և առևտրի իրացման վայրերի, հանրային սննդի օբյեկտների, սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների, ուսումնական հաստատությունների, էլեկտրոնային համակարգերի միջոցով հսկվող ավտոկայանատեղերի տեսահսկման համակարգերի մասին է։  

«Արդյունքում, կունենանք ինչպես վարչական իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման, այնպես էլ հանցագործությունների կանխարգելման և բացահայտման միասնական կենտրոն, որն անհրաժեշտ տեղեկատվությամբ կապահովի ոստիկանությանը և այլ իրավապահ մարմիններին, իսկ նորագույն տեսախցիկների կիրառումը հնարավորություն կտա, օրինակ՝ մոդելով, մակնիշով, գույնով կամ հաշվառման համարանիշով հայտնաբերել տրանսպորտային միջոցները, դրանց շարժի հետագիծը, տարբեր հատկանիշներով նույնականացնել օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող անձանց ու հետախուզվողներին և այլն»,- ասաց Ֆիդանյանը։

  • Կիսվել: