հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ոստիկանության մեքենային ոտքով հարվածած քաղաքացիները ձերբակալվել են․ ՔԿ

Ոստիկանության մեքենային ոտքով հարվածած քաղաքացիները ձերբակալվել են․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ ոստիկանության ավտոմեքենան վնասելու, խուլիգանության, ինչպես նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները:Հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ. մայիսի 5-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աթենք և Իսակով փողոցների հատման խաչմերուկում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված նախաձեռնության մի խումբ ցուցարարներ փակել են նշված փողոցի երթևեկելի հատվածը՝ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը: Ցուցարարներին բարձրախոսների միջոցով հորդորվել է ազատել փողոցի բանուկ հատվածը, այն ազատելու համար ողջամիտ ժամանակ է տրվել, սակայն վերջիններս չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին: Այս կապակցությամբ, բերման ենթարկելու նպատակով, նրանց նստեցրել են ՀՀ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որտեղ ցուցարարներից երկուսը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, աղմկել են և հայհոյել,  ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել ոստիկանության ծառայողների հասցեին, որի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ոտքով հարվածել և վնասել է ավտոմեքենայի հետևի դուռը և դռան ապակին:

Նշված երկու անձինք ձերբակալվել են:

 Նախաքննությունը շարունակվում է:

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: