շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ոստիկանապետի տեղակալ Ֆիդանյանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում. Բաբայան

Ոստիկանապետի տեղակալ Ֆիդանյանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում. Բաբայան

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը արձագանքել է հավաքների անցկացման վերաբերյալ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանի հնչեցրած հայտարարությանը:

նա իր տելեգրամ ալիքում, մասնավորապես, նշել է. «Ես, որպես Ազատության հրապարակում տեղի ունեցող շտապ հավաքի պաշտոնական կազմակերպիչ, պաշտոնապես հայտնում եմ, որ ոստիկանապետի տեղակալ Ա.Ֆիդանյանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, իսկ օրենսդրական կարգավորումները մեկնաբանվել են չափից դուրս սուբյեկտիվ:

Այսպես՝

1. հավաքների ազատությունը սահմանադրական իրավունք է, որի իրացումը չի ենթադրում որևէ պետական կառույցի թույլտվություն:

2. Ինքնաբուխ կամ մինչև 100 հոգու մասնակցությամբ հավաքների համար որևէ իրազեկում չի պահանջվում: Նախատեսված է միայն 1 պայման, այն է՝ կազմակերպչի կողմից ոստիկանությանը հայտնելը և ներկայանալը, որի նպատակն է ոստիկանության պարտականություն հանդիսացող աջակացություն ստանալը:

3. Բոլոր այն դեպքերում, երբ մասնակիցների քանակն անցել է 100 հոգին՝ իմ կողմից լիազոր մարմնին ներկայացվել է պատշաճ իրազեկում: Այդպիսի իրազեկումները բազմաթիվ են: Այդ իրազեկումներում ներկայացվել են այմ բոլոր միջոցները, որոնք օգտագործվում են հավաքի ընթացքում: Միջոցների ցանկում ընդգրկված են նաև վրանները, ինչը նշանակում է, որ ոստիկանությունը կամ որևէ այլ պետական մարմին իրավունք չունի արգելելու դրանց օգտագործումը:

4. Ինչ վերաբերվում է նախապես իրազեկմամբ հավաք անցկացնելու կանոնին, ապա այդ ռեժիմն օրենքը նախատեսում է միայն նախապես պլանավորված հավաքի համար: Այդպիսի օրինակ է ապրիլի 25-ից նախատեսված հավաքները, որոնց մասին նախապես իրազեկումս քաղաքապետարանն ընդունել է ի գիտություն:

Այսպիսով, ոստիկանությանը հորդորում եմ չկաշկանդվել քաղաքական իշխանության կամայականություններով և վախերով, պահպանել օրենքի ոգին ու տառը և չդիմել սադրիչ գործողությունների:

Ոստիկանության կողմից ձեռնարկված ցանկացած ապօրինի գործուղության հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է հենց ոստիկանությունը:

Ոստիկանության պետի տեղակալի հայտարարությունների առնչությամբ հրավիրում եմ ՄԻՊ-ի ուշադրությունը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆիդանյանն ասել է. «Հավաքներ իրականացնելու վերաբերյալ պետք է լինեն համապատասխան ծանուցումներ և տեղեկացումներ, որոնց ընդունման դեպքում  հնարավոր կլինի միայն համապաստախան տեխնիկական կամ այլ բնույթի սարքավորումներ տեղադրել։ Ինքնաբուխ ակցիաների, շտապ հավաքների դեպքում պետք է դրանց մասին ևս տեղեկացնել։ Շտապ ակցիա հասկացությունը իր մեջ ներառում է բացառապես 6-ժամյա գործունեություն։ Մինչդեռ ոստիկանությունը  շտապ ակցիայի անցկացման  վերաբերյալ  ծանուցում ստացել է ամսի 19-ին, և բնականաբար 6 ժամը չէր կարող տևել մինչև այսօր»:

  • Կիսվել: