ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Օրենսդրական փոփոխության արդյունքում հավասարեցվում է ՍԴ դատավորների աշխատավարձի չափը

Օրենսդրական փոփոխության արդյունքում հավասարեցվում է ՍԴ դատավորների աշխատավարձի չափը

Կարևոր է Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների դատավորների պատշաճ սոցիալական երաշխիքների ապահովումը՝ նրանց պաշտոնին, կարգավիճակին և պատասխանատվությանը համարժեք վարձատրության նախատեսումը: Այս համատեքստում առաջարկվում է վերանայել նրանց վարձատրությունը՝ տրամադրվող հավելավճարները վերանայելու միջոցով: «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ու «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններն ԱԺ նիստում ներկայացնելով՝ նշել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը:

Վճռաբեկ դատարանի դատավորների համար առաջարկվում է սահմանել պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում, իսկ ՍԴ դատավորների դեպքում՝ դրույքաչափի 80 տոկոսի չափով վերանայում՝ հավելավճարի տեսքով: Գրիգոր Մինասյանի խոսքով՝ փոփոխությունները բխում են ՀՀ դատաիրավական ռազմավարության տրամաբանությունից:

Պատգամավոր Գևորգ Պապոյանին հետաքրքրել է, թե ինչու գործակիցների փոփոխման փոխարեն ընտրվել է հավելավճարի ճանապարհը: Ի պատասխան՝ փոխնախարարը նշել է, որ դրույքաչափը փոխելու պարագայում պետք էր անդրադառնալ դրույքաչափերի ամբողջ շղթային: Այդ դեպքում Վճռաբեկ և ՍԴ դատավորների աշխատավարձերի դրույքաչափը կհավասարեցվեր ավելի բարձր կարգավիճակ ունեցող պետական պաշտոնյաների աշխատավարձերի դրուքաչափին: Հաջորդ խնդիրն  այն է, որ ՍԴ դատավորները, իրականացնելով նույն լիազորությունը, կրելով նույն պատասխանատվությունը, ստանում են տարբեր աշխատավարձեր՝ կապված այն հանգամանքի հետ, որ Սահմանադրական դատարանի՝ դատական համակարգից եկող որոշ դատավորներ, տարին 2 տոկոս կուտակելով, ստանում էին հավելավճարներ: Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ այս փոփոխությամբ ՍԴ 9 դատավորները կվարձատրվեն հավասարաչափ:

Ներկայացնելով ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ Վահագն Հովակիմյանն անդրադարձել է նախաձեռնության ընդունման քաղաքական բաղադրիչին՝ նշելով, որ այս փոփոխությունն իրենց նախընտրական ծրագրերի՝ դատական համակարգի բարեփոխումներին վերաբերող քայլերից մեկն է: Նրա համոզմամբ՝ արդարադատության մակարդակի բարձրացման տեսանկյունից ևս դատավորների աշխատավարձերը պետք է լինեն արժանապատիվ, և սա դատավորների աշխատավարձերի ընդհանուր բարձրացման գործընթացի սկիզբն է:

  • Կիսվել: