հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ կլավարկվի կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարը

Օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ կլավարկվի կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարը

Նախագիծը վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ ստորաբաժանումներում ֆիզիկական պատրաստվածության աստիճանը նվազեցնելու արդյունքում ՏՏ, տնտեսագիտության եւ այլ պահանջարկ ունեցող ոլորտների բարձր, հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող մասնագետների աշխատանքի ներգրավմանը, ինչը լավարկելու է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարը: Գործող օրենքով սահմանված է ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու զենքի կիրառման մասին հնարավորություն, սակայն չկան դրանց օրենսդրական կարգավորման հիմքերը: Նախագծով այս հարցն էլ է լուծվում:

 

Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը` ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 7-ի նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը լրամշակվել է մի շարք տեխնիկական դրույթներով եւ համապատասխանեցվել իրավական տեխնիկային. բովանդակային փոփոխություններ չեն կատարվել:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի դիտարկմամբ իրականում չեն նվազեցվում չափանիշները, այլ՝ հստակեցվում են, որովհետեւ 21-րդ դարում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում օպերատիվ աշխատանքը, ֆիզիկական համապատասխան պատրաստվածությունից զատ, պահանջում է նաեւ այլ մասնագիտական գիտելիքների առկայություն, ինչը կարեւոր երաշխիք է հնարավորինս շատ մասնագետներ ներգրավելու՝ օբյեկտիվորեն եւ արդյունավետ եղանակով իրականացնելու աշխատանքները:

Հարակից զեկուցող Լիլիթ Մինասյանի խոսքով Հակակոռուպցիոն կոմիտեի առջեւ դրված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ են բանիմաց եւ ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացին համապատասխան գիտելիքների տիրապետող ծառայողներ: Անհրաժեշտություն է առաջացել օրենսդրական մակարդակով ամրագրել այնպիսի իրավակարգավորումներ, որոնք հնարավորություն կընձեռեն կատարելու կադրերի ճիշտ ընտրություն: Դրան կնպաստեն նաեւ ինքնավար պաշտոնների համար նախատեսված մրցութային ընթացակարգերի ձեւաչափի որոշակի փոփոխությունները, որոնց արդյունքում կբարձրացվի նաեւ գործող ընթացակարգերի արդյունավետությունը: «Թափուր հաստիքները համալրելու գործընթացն ավելի ճկուն դարձնելու, ուժերի եւ միջոցների արդյունավետ կառավարում իրականացնելու նպատակով առաջացել է ընթացիկ կարգավորումների փոփոխության անհրաժեշտություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդրական մակարդակով կարգավորված չէ նաեւ կոմիտեի ծառայողների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք գործադրելու ընթացակարգը՝ առաջարկում եմ նախագծին տալ դրական քվե»,- ասել է հարակից զեկուցողը:

Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: