երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ոչ մի իշխանություն հավերժ չէ. Սադամ Հուսեյն էլ էր ասում, որ ոչ մեկի նկատմամբ ռեպրեսիա չի իրականացվում. Վարդեւանյան

Ոչ մի իշխանություն հավերժ չէ. Սադամ Հուսեյն էլ էր ասում, որ ոչ մեկի նկատմամբ ռեպրեսիա չի իրականացվում. Վարդեւանյան

Մենք պատկերացնում ենք, որ մի օր դատախազությունը, ԲԴԽ-ն գալու են հայտարարեն՝ սիրելի հայրենակիցներ, մենք իրականացնում ենք քաղաքական հետապնդում կամ սելեկտիվ արդարադատությո՞ւն. Դա երբեք չեք տեսնելու: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

«Նույնիսկ Խորհրդային Միության ռեպրեսիաների ժամանակ սովետական իշխանությունից երբեք չէիք լսի, որ ռեպրեսիաներ են իրականացնում, բայց բոլորը հասկանում էին, որ իրականացվում են ռեպրեսիաներ: Սա այդ դեպքերից մեկն է: Ցավով պետք է նշեմ, որ ԲԴԽ-ն, որը Սահմանադրությամբ օժտված է այնպիսի կարգավիճակով, որ պաշտպանի դատավորներին, երաշխավորի դատավորների անկախությունը, իրականում հակառակն է անում: Միաձայն որոշել է, որ դատավորին թող հետապնդեն, թող տանեն, կալանավորեն: Իսկ ԲԴԽ 9 անդամների մոտ  հարց չի առաջանո՞ւմ, որ դատավոր Բորիս Բախշիյանին հիշել են հենց հիմա: Այդ ոնց է ստացվում, որ 2019-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի մասին հիշեցին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց հետո: Ի դեպ, դեպքը, որով անհեթեթ մեղադրանք էին առաջադրել, վերաբերում էր ամիսներ  առաջվա, մինչեւ Ռ. Քոչարյանի գործով կայացված դատական ակտին: Ցանկացած անաչառ դիտորդ, եթե այս ամենը տեսնի, կարո՞ղ է ենթադրել, կամ համոզված լինել դրանում, որ այստեղ ոչ մի պատահականություն չկա: Այն, որ հիմա են հետապնդում սկսել, բացառապես պայմանավորված է նրանով, որ կոնկրետ այս դատավորը վերջին ժամանակահատվածում ցուցաբերել է իրական անկախությունը: Կարծես Աշոտ Երկաթի գործը համբերության բաժակը լցվելու փուլն էր»,-ասաց նա:

Վարդեւանյանը անդրադարձավ եվրոպական կառույցների գնահատականներին, մասնավորապես ԵԽԽՎ-ի՝ Հայաստանին վերաբերող բանաձեւին, ասելով. «Իրենք իսկապես կարծում են, որ այսպիսի հասարակությունն է ժողովրդավա՞ր, այսպիսի ապօրինություննե՞րն են ողջամիտը, կարծում եմ՝ պատգամավորներին 6 ամիս կալանավորած պահելն է ժողովրդավարության բնորո՞շ»:

Նա նկատեց, որ ոչ մի իշխանություն հավերժ չէ. «Սադամ Հուսեյն էլ էր ասում, որ ոչ մեկի նկատմամբ ռեպրեսիա չի իրականացվում, որ Իրաքի դատարաններն աշխարհի ամենաարդար դատարաններն են, բայց մարդկանց տանում էին, տարիներով անազատության մեջ էին պահում, այլակարծությունն էին ճնշում, լրագրողներին էին քաշքշում: Սա՞ է ժողովրդավարությո՞ւնը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր երկու միջնորդություն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։ Խորհուրդը միաձայն որոշել է ներկայացված երկու միջնորդությունը բավարարել: Նշենք, որ Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ էր արձակվել: Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը։

  • Կիսվել: