ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Ոչ, հարգելի դատարան». Արդարդատության փոխնախարարը՝ վարչապետի հարցին ի պատասխան

«Ոչ, հարգելի դատարան». Արդարդատության փոխնախարարը՝ վարչապետի հարցին ի պատասխան

Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին և անհետաձգելի համարեց։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացնելով նախագծերի փաթեթը, նշեց, որ ներկայումս թե վարչական ակտի վերաբերյալ վարչական բողոք ներկայացնելը և թե վիճարկման հայց ներկայացնելը հանգեցնում են վարչական ակտի կատարման կասեցման։

Ընդ որում, բացակայում է տարբերակված մոտեցումը վարչական ակտի հասցեատիրոջ կողմից վիճարկվող վարչական ակտերի և երրորդ անձանց կողմից վիճարկվող վարչական ակտերի պարագայում։ «Խնդիրը բարձրացավ շինարարական թույտվությունների վիճարկումից, որի հետևանքով շինաշախատանքները կասեցվել են»,- ասաց նա։

Նրա խոսքով, մոտ  400-500 միլիոն դոլարի շինարարական աշխատանքներ են այժմ կասցված, իսկ Երևանի քաղաքապետարանի  կողմից տված տեղեկանքի համաձայն, մոտ 125 հազար քառակուսի մետր տարածքում գտնվող շինաշխատանքները կասեցված են։

Այսպիսով, նախագծով առաջարկվում է Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածում կասեցման ազդեցությունից բացառություն նախատեսել այլ անձանց կողմից վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտերի կամ զուգորդող վարչական ակտի բարենպաստ մասի վիճարկման դեպքերի համար։ Արդյունքում երրորդ անձանց կողմից այլ անձին ուղղված վարչական ակտի վիճարկումն ինքնաբերաբար չի հանգեցնի վարչական ակտի կատարման կասեցման։ Դրա փոխարեն վարչական դատարանը հայցվորի միջնորդությամբ գործի քննության ընթացքում կարող է ամբողջությամբ կամ մասամբ կասեցնել նշված վարչական ակտի կատարումը՝ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված ընդհանուր կարգով։

«Մեր ռազմավարական ուղղություններից է օրենսդրությամբ մաքրել բոլոր այն հնարավոր միջանցքները, որոնք հնարավորություն են տալիս որոշակի իրավունքի չարաշահման դեպքերով ծանրաբեռնել դատական համակարգը», - ասաց Ռաֆիկ Գրիգորյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս նախագիծը երկար քննարկվել է և տխուր պատմություն ունի։ «Հարյուրավոր դեպքեր ունենք, երբ որ ընթացող շինարարությունների վերաբերյալ ուղղակի ինչ-որ մեկը, որևէ գործունեություն ունեցող սուբյեկտ, ուղղակի վարչական դատարան է դիմում ու այդ փաստի բերումով շինարարությունը կասեցվում է։ Այս պահի դրությամբ մոտավորապես 450 միլիոն դոլարի կանգնած շինարարություն ունենք»,- նշեց նա՝ հավելելով, որ շինարարությունների սեփականատերերը դիմել են իրեն, որպեսզի օգնի։

Հիմա, ըստ նրա, երկարատև քննարկումների արդյունքում նման որոշում են կայացնում, որ հնարավորություն չտրվի շինարարությունն անհիմն կերպով կասեցվի։

Նրա խոսքով, հիմա էլ դատարանը հնարավորություն ունի շինարարությունը կասեցնելու, բայց ոչ թե ինքնաբերաբար, այլ ամեն առանձին դեպքով միջնորդություն ներկայացնեն, քննարկում են ու եթե դա հիմնավոր է լինում, տեղի է ունենում կասեցման որոշում։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ օր առաջ է պետք է ընդունել այս նախագիծը, հատկապես ճգնաժամային տարում կապիտալ շինարարության խթանման շատ մեծ ազդակ կլինի, ուստի  խորհրդարանի գործընկերներին կխնդրեն հնարավորինս շուտ ընդունեն այս նախագիծը։ Ըստ նրա, այս նախագծի ընդունմամբ հազարավոր աշխատատեղեր կստեղծվեն Հայաստանում։

Նա փոխնախարարից հետաքրքրվեց՝ եթե մարդու շինարարությունը հինգ տարի կանգնեցրել են, հետո դատարանը որոշում է, որ սխալ են արել, այդ մարդու վնասները ո՞վ է փոխհատուցում։

«Կա՞ նման պրակտիկա։ Ասենք, մարդը 10 մլն դոլարի վարկ է վերցրել, սկսել է շինարարությունը, կողքի տաղավարի սեփականատերը, որի տարեկան շրջանառությունը 500 հազար դրամ է, դատի է տալիս և դատավարությունը 5 տարի տևում է: Այդ ընթացքում շինարարությունը կասեցվում է, վարկառուն վարկն է սպասարկում առանց եկամուտ ստանալու: Վերջում դատարանը որոշում է, որ տաղավարի սեփականատիրոջ հայցն անհիմն է: Այդ 10 մլն դոլար վարկ վերցնողի վնասը որևէ մեկը փոխհատուցո՞ւմ է»,-հարցրեց Փաշինյանը:

Հարցին ի պատասխան Ռաֆիկ Գրիգորյանը շփոթվեց ու պատասխանեց. «Ոչ, հարգելի դատարան»: Դա առաջացրեց վարչապետի և ներկաների ծիծաղը։

«Մասնագիտական է», - արձագանքեց վարչապետը։

 

  • Կիսվել: