հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նույնիսկ ոստիկանության հաղորդագրությունից է ակնհայտ, որ Պետրոսյանը որևէ հանցանք չի կատարել. պաշտպան

Նույնիսկ ոստիկանության հաղորդագրությունից է ակնհայտ, որ Պետրոսյանը որևէ հանցանք չի կատարել. պաշտպան

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի պաշտպան Րաֆֆի Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ոստիկանության՝ Պետրոսյանի ձերբակալման մասին տարածած հաղորդագրությանը:

Այս առնչությամբ Ասլանյանը, մասնավորապես, նշել է. ՛՛ՀՀ ոստիկանությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել Գևորգ Պետրոսյանի հետ կապված միջադեպի մասին՝ փորձելով արդարացնել պարեկների գործողությունները։ Նախ, անհասկանալի է, թե ի՞նչ է նշանակում ավտոմեքենան «անկանոն վարել», ինչպի՞սի իրավախախտում է այն, ո՞ր իրավական ակտով է սահմանված, ընդ որում՝ նույն հարցադրումները պարեկների հետ զրույցում արել է անձամբ Գևորգ Պետրոսյանը։

Բացի այդ, Գ.Պետրոսյանը սթափության վիճակի ստուգումից չի հրաժարվել, ինչը միանշանակ կհաստատվի քրեական վարույթի ընթացքում, ավելին՝ պարեկների առաջարկությամբ, նրանց հետ, ստուգման նպատակով գնացել է համապատասխան բժշկական կենտրոն։ Եվ ամենաուշագրավն այն է, որ նույնիսկ ոստիկանության հաղորդագրությունից է ակնհայտ, որ Գ.Պետրոսյանը որևէ հանցանք չի կատարել, այդ թվում՝ պարեկների նկատմամբ բռնություն չի գործադրել, ինչի անմիջական կասկածով ներկայումս ձերբակալված է՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պետրոսյանը ձերբակալվել է, ըստ Ոստիկանության՝ նա չի ենթարկվել պարեկների «կանգ առ» պահանջին, շարունակել է մեքենան անկանոն վարել, սպառնացել է պարեկներին:

  • Կիսվել: