կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս հայտնաբերել են կասկածելի զանգվածներ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս հայտնաբերել են կասկածելի զանգվածներ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով նախապես ստացված տեղեկությունները, հունիսի 9-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, փորձել են անձնական խուզարկության ենթարկել դատապարտյալ Զ.Ս.-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ս.Գ.-ին, որի ժամանակ վերջինս ցուցաբերել է կասկածելի վարքագիծ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, ծառայողները Ս.Գ.-ի հետ իրականացրել են բացատրական աշխատանքներ, ինչի արդյունքում վերջինս ինքնակամ նրանց է հանձնել իր մարմնում թաքցրած փաթեթը և բանավոր հայտարարել, որ հնարավոր է՝ փաթեթում թմրանյութեր են, որոնք փորձելու էր կարճատև տեսակցության ընթացքում փոխանցել դատապարտյալ Զ.Ս.-ին:

Նշյալ փաթեթում քրեակատարողական ծառայողները հայտնաբերել են 5 մլ տարողությամբ ներարկիչ, որի մեջ առկա է եղել ներարկիչի հետ միասին 10,3 գրամ քաշ կազմող 5 առանձնացված փաթեթ և բաց դարչնագույն, մածուցիկ զանգված:

Առանձնացված փաթեթներից երկուսում եղել են փաթեթների հետ միասին 1,5 և 1,3 գրամ քաշ կազմող, սպիտակ, բյուրեղանման զանգվածներ, մյուս երկուսում՝ փաթեթների հետ միասին 1,3 և 1,2 գրամ քաշ կազմող, մուգ դարչնագույն, կոշտ զանգվածներ, իսկ հինգերորդում՝ փաթեթի հետ միասին 0,2 գրամ քաշ կազմող, դեղնականաչավուն, չորացված զանգված:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: