շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Նոր բալային համակարգ՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համար․ քննարկում

Նոր բալային համակարգ՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համար․ քննարկում

Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ կազմակերպվել է հանրային քննարկում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման նոր հայեցակարգով նախատեսված բալային համակարգի վերաբերյալ:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել հանրային քննարկում դատապարտյալի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման նոր հայեցակարգով նախատեսված բալային համակարգի վերաբերյալ։

Քննարկմանը մասնակցել են Քրեակատարողական ծառայության, Արդարադատության նախարարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտով հետաքրքրված, շահագրգիռ անձինք և իրավաբաններ։

Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը մասնակիցներին հանգամանալից ներկայացրել է բալային համակարգի՝ փոփոխությունների ենթակա հիմնական ուղղությունները, մասնավորապես՝ դատապարտյալի ռիսկայնության գնահատման,  վերասոցիալականացման նոր չափորոշիչները: Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու նոր չափորոշիչների նախնական գործարկման վերաբերյալ» ՀՀ արդարադատության նախարարի հրամանը՝ Ծ. Թադևոսյանը մանրամասն ներկայացրել է նաև սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների կողմից 2024 թվականին իրականացված փորձնական միջոցառումների արդյունքներն ու առավելությունները:

Քննարկվել են մասնակիցների դեմ և կողմ կարծիքները, բալային նոր համակարգի վերաբերյալ հնչեցված հիմնավոր առաջարկություններն ու դիտարկումներն ընդունվել են ի գիտություն՝ խորքային խնդիրներին բազմակողմանի լուծումներ տալու հեռանկարով։

 

  • Կիսվել: