շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը կհարցաքննվի․ զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ

Նիկոլ Փաշինյանը կհարցաքննվի․ զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ

Այս պահին զոհված զինծառայողների բոլոր ծնողները ճանաչվում են տուժողի իրավահաջորդ, մենք ճանաչվում ենք իրենց ներկայացուցիչներ եւ ծնողները հարցաքննվում են: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, Քննչկան կոմիտեի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց զոհվածների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

Նա նկատեց, որ տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին որոշմամբ խիստ ընդհանրական իրավական գնահատական է տրված արարքներին, մասնավորապես, հանցագործությունը կատարած ենթադրյալ անձանց, հստակ անվանումներ նշված չեն:

«Նշված է՝ մի խումբ պաշտոնատար անձինք կատարել են այնպիսի գործողություններ,  որոնք ազդել են բանակի մարտունակության վրա: Բոլոր ծնողները առարկում են այս նկարագրական մասի դեմ եւ բոլորը նշել են, որ իրենց պահանջը բավարարված չէ, քանի որ միակ պատասխանատուն եւ միակ մեղավորը  իրենց որդիների զոհվելու մեջ Նիկոլ Փաշինյանն է, որի մասին հետեւոթյունների նրանք հանգում են ապրիլի 13-ին Փաշինյանի հայտարարությունից հետո եւ պահանջում են, որ տուժողի իրավահաջորդ ճանաչելու որոշմանմեջ որպես հիշյալ գործողությունների մեղավոր նշվի Նիկոլ Փաշինյանը»,-ասաց փաստաբանը:

Նա տեղեկացրեց, որ մայիսի 7-ին իրենք ներկայացրել են միջնորդություն Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ, որպեսզի գլխավոր դատախազի կողմից տրվի նման ցուցում. «Մենք վկայակոչել էինք երկու խումբ պարզաբանման ենթակա հանգամանքներ: Օրինակ, Սյունիքի մարզի հողերը դեկտեմբերին իր հայտարարության հիման վրա թշնամուն հանձնելը, մյուսը վերաբերում է ապրիլի 13-ին արած հայտարարությանը: Այսօր տեղեկացանք, որ մեր միջնորդությունը բավարարվել է Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու վերաբերյալ: Դատախազը ցուցում է տվել վարույթն իրականացնող մարմնին, որ հարցաքննվի Նիկոլ Փաշինյանը: Այս պահին տեղեկություն չունեմ, թե երբ: Քննիչն ինքն է որոշելու, թե երբ կատարի յդ հարցաքննությունը: Հուսով եմ՝ շուտ կկատարի: Հետագա անգործությունը բացառելու նպատակով, օրվա երկրորդ կեսին կներկայացնենք ավելի կտրուկ, ավելի ագրեսիվ միջնորդություն կոնկրետ Նիկոլ Փաշինյանի  նկատմամբ որոշակի դատավարական գործողություններ կատարելու մասով»:

Փաստաբանը նշեց, որ տուժողի իրավահաջորդն ճանաչվել է 27 անձ, եւս 15-ի վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել, գործընթացը շարունակվում է:

«Այս պահին Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու հարցը հետաձգված վիճակում է: Մենք հետամուտ ենք լինելու, որ Փաշինյանի հարցաքննությունն իրականացվի քննչական ստորաբաժանման շենքում, քանի որ նա ՀՀ որեւէ քաղաքացու առավելություն չունի, հատկապես, որ իր գործողություններում առկա են առերեւույթ հանցագործության հատկանիշներ»,-ասաց Վահան Հովհաննիսյանը:

  • Կիսվել: