ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նախատեսվում է բարձրացնել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների վարձատրությունը

Նախատեսվում է բարձրացնել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների վարձատրությունը

Հայաստանում նախատեսվում է բարձրացնել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների վարձատրությունը: «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը:

Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ աշխատավարձի չափը կարգավորվում են՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով: Սակայն, Մինասյանի խոսքով, Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դատավորների համար սահմանված վարձատրության չափը չի համապատասխանում վերջիններիս կարգավիճակին և պատասխանատվությանը:

Խոսելով նրանց աշխատանքի ծանրաբեռնվածության և պատասխանատվության մասին՝ փոխնախարարը խիստ կարևորեց այդ երկու դատարանների դատավորների պատշաճ սոցիալական երաշխիքների ապահովումը՝ նրանց պաշտոնին և կարգավիճակին և պատասխանատվությանը համարժեք վարձատրության նախատեսումը:

«Այս համատեքստում նախագծով առաջարկվում է վերանայել վերջիններիս վարձատրությունը՝ նրանց տրամադրվող հավելումները և հավելավճարները վերանայելու միջոցով: Վճռաբեկ դատարանի դատավորների համար առաջարկվում է սահմանել հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով, իսկ Սահմանադրական դատարանի դատավորների համար նախատեսվում է վերանայում դրույքաչափի 80 տոկոսի չափով՝ հավելավճարի տեսքով»,-ասաց Մինասյանը:

Նրա խոսքով՝ փոփոխությունները բխում են ՀՀ դատաիրավական ռազմավարության տրամաբանությունից, որտեղ նախատեսված է դատավորի աշխատավարձի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարների բարձրացման օրենսդրական փոփոխությունների իրականացում:

Փոխնախարարը նաև հայտնեց, որ սրանով լուծում են այն խնդիրը, որ այսօր ՍԴ դատավորները, կրելով նույն պատասխանատվությունը, ստանում են տարբեր աշխատավարձեր՝ կապված այն հանգամանքի հետ, որ որոշ դատավորներ դարձել են ՍԴ անդամ՝ գալով դատական համակարգից, որտեղ նրանք տարին 2 տոկոս կուտակելով, ստանում էին հավելավճարներ: Նախագծի ընդունման դեպքում ՍԴ 9 դատավորները կստանան հավասար վարձատրություն:

  • Կիսվել: