չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Նախաձեռնությամբ կարգավորվում են որպես ժամանակավոր պաշտոնակատար պաշտոնավարելու կառուցակարգի կիրառման հետ կապված հարաբերությունները

Նախաձեռնությամբ կարգավորվում են որպես ժամանակավոր պաշտոնակատար պաշտոնավարելու կառուցակարգի կիրառման հետ կապված հարաբերությունները

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը նախատեսում է վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի կամ անմիջական ղեկավարի, ինչպես նաև նախարարի կամ համայնքի ղեկավարի փոփոխության դեպքում վարչական պաշտոն զբաղեցնող անձի, նախարարի, համայնքի ղեկավարի տեղակալի` համապատասխան պաշտոններում որպես ժամանակավոր պաշտոնակատարներ պաշտոնավարելու կառուցակարգ: Այդուհանդերձ, անձի` որպես ժամանակավոր պաշտոնակատար պաշտոնավարման և պաշտոնավարման դադարեցման իրավահարաբերություններում առկա են որոշակի անհստակություններ, ինչը գործնականում, այդ թվում` դատական պրակտիկայում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը` Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Հանրային ծառայության մասին» օրենքում առաջարկվող լրացումները:

Զեկուցողի խոսքով նախաձեռնությամբ առաջարկվում է հստակ կարգավորել որպես ժամանակավոր պաշտոնակատար պաշտոնավարելու կառուցակարգի կիրառման հետ կապված հարաբերությունները:

«Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է անձի վերադասի կամ անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում նոր նշանակում կատարելու համար սահմանել անձի նախապես ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից ազատելու պահանջ, ընդ որում` պաշտոնակատարի պարտականությունների կատարումից ազատելը պետք է իրականացվի այդ պաշտոնին նշանակելու և ազատելու դեպքում գործող ընթացակարգով`  տվյալ պաշտոնում նշանակելու և ազատելու իրավասություն ունեցող անձի կողմից»,- տեղեկացրել է Լևոն Բալյանը:

Ըստ փոխնախարարի`  նաև հստակեցվում են օրենքում մատնանշված մեկամսյա ժամկետում նոր նշանակում չկատարելու դեպքում առաջացող իրավական հետևանքները? Սահմանվում է նոր նշանակում չկատարվելու դեպքում ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից ազատելու վերաբերյալ կարգավորում` անհատական իրավական ակտի հիման վրա:

Նախաձեռնությամբ վերոնշյալ խնդիրների լուծմանն ուղղված կարգավորումներ են սահմանվում նաև հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում:

Հարակից զեկուցող, պատգամավոր Տրդատ Սարգսյանը, ողջունելով նախաձեռնությունը, գործընկերներին առաջարկել է կողմ քվեարկել:

Կառավարության հեղինակած նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Հանձնաժողովն ԱԺ խորհրդին կառաջարկի հարցի քննարկումն ընդգրկել դեկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում:

Հեղինակի բացակայության պատճառով հետաձգվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Սնանկության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը:

  • Կիսվել: