հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը ինչ-որ պաշտոնյաների մոտ սրացումների հետևանք էր, և դատարանը մերժեց դա․ Փաստաբան

Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը ինչ-որ պաշտոնյաների մոտ սրացումների հետևանք էր, և դատարանը մերժեց դա․ Փաստաբան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու մասին նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը անհիմն էր և այդ պատճառով էլ դատարանը այսօր մերժեց այն, InfoPort.am-ին տեղեկացրեց Մինասյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք՝ Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը կայացվել էր դեռևս մայիսի 6-ին: Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար:

Նա հետախուզման մեջ է, իսկ ինքը և նրա պաշտպանները առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում են որակում: Սակայն, հունիսի 6-ին հայտնի դարձավ, որ Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը Վերաքննիչ դատարանը բեկանել է և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Հունիսի 8-ին արդեն ՊԵԿ լրատվական ծառայությունը հայտնեց, որ Միքայել Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը ստացված նոր տվյալների հիման վրա լրացվել է: Նոր տվյալները վերաբերել են օֆշորային գործարքների, եկամտի թաքցրած տվյալներն։ Նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Մինասյանին կալանավորելու մասին, մակագրվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանին: Մինչ այսօրվա նիստը մամուլում հրապարակումներ էին եղել այն մասին, որ ԱԱԾ-ն դատավորին սպառնացել է՝ պահանջելով կալանավորելու որոշում կայացնել, ինչը, սակայն, հերքել էին երկու կառույցներն էլ՝ թե ԱԱԾ-ն, թե ԲԴԽ-ն:

Փաստաբան Պողոսյանն ասաց, որ քրեական գործով որևէ նոր հանգամանք չկար, ավելին նոր հանգամանքներ չեն ներկայացվել նաև մեղադրանքի վերաբերյալ։

«Կալանավորելու մասին ՊԵԿ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը, հավանաբար որոշ պաշտոնյաների հերթական սրացման պատճառն էր», - նկատեց Պողոսյանը։

Արձագանքելով գործով դատավոր Վահագն Մելիքյանի նկատմամբ ԱԱԾ-ի, ԲԴԽ-ի կողմից ճնշման գործիքներ կիրառելու մասին լուրերին` փաստաբանն ասաց, որ իրենց մոտ կասկածներ են առաջացրել և դրանք փարատելու համար այդ մասին հարցեր են ուղղել դատարանին։

«Նայեք, մամուլում տարածված տեղեկությունը ԲԴԽ-ն միանգամից հերքեց չէ՞, սակայն երեկ նիստի ընթացքում մենք այդ հարցը բարձրացրել ենք դատարանում, քննարկման առարկա դարձրել։ Սակայն դատավորի պատասխաններից պարզ դարձավ, որ ԲԴԽ-ն Մելիքյանի հետ կապ չի հաստատել, այսինքն՝ վերջինս ոչ հայտնել է եղել է իր նկատմամբ ճնշում, ոչ հայտնել է, որ չի եղել։ Մեզ համար անհասկանալի է՝ ԲԴԽ-ն ի՞նչն է հերքում», - փոխանցեց Միհրան Պողոսյանը։

Պողոսյանը սակայն մեզ հետ զրույցում չպատասխանեց այն հարցին, թե ինչպես է այդ դեպքում ստացվել, որ ԱԱԾ-ն դատավորի վրա ճնշում է գործադրել, ըստ մամուլի կալանքի որոշում ստանալու համար, սակայն կալանքի որոշում այդպես էլ դատավորը չի ընդունել: Փաստացի, ստացվում է, որ ճնշումների մասին լուրերը չէին համապատասխանում իրականությանը, և ԱԱԾ- ու ԲԴԽ-ի պնդումները այդ ճնշումների բացակայության մասին հիմնավոր էին:

Ի դեպ, InfoPort-ի թղթակիցը այսօր մեկ անգամ ևս կապ հաստատեց ԱԱԾ-ի և ԲԴԽ-ի համապատասխան պաշտոնյաների հետ` ստեղծված իրավիճակը պարզաբանելու համար: Երկու կառույցներից էլ պատասխանեցին, որ իրենց դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել և հերքումները մնում են ուժի մեջ: Ի դեպ ԲԴԽ-ից հավաստեցին, որ հերքում տարածելուց առաջ դատավորի հետ հաստատվել է հեռախոսակապ:

Նշենք, որ, ըստ մամուլում տարածված տեղեկությունների, դատավոր Մելիքյանը օրերս կանչվել է ԱԱԾ, որտեղ նրան ցույց են տվել ներքին դիտարկման արդյունքում ստացված որոշակի տեսաձայնագրություններ, և դրանք չհրապարակելու պայմանով պահանջել են նրանից այսօրվա դատական նիստում Միքայել Մինասյանի նկատմամբ կալանքի որոշում կայացնել: Եվ Բարձրագույն դատական Խորհուրդը, և ԱԱԾ-ն մեկը մյուսի հետևից հերքեցին այդ «լուրը»:

Ի հեճուկս դրան լրատվամիջոցները նորից համանման հրապարակմամբ հանդես եկան, իսկ փաստաբան Պողոսյանն էլ երեկ նշեց, որ դատավոր Մելքիյանը իրենց ասել է, որ ԲԴԽ-ն հերքումից առաջ իր հետ կապ չի հաստատել: Ի հեճուկս այս խճճված պատմության դատավոր Մելիքյանը այսօր մերժեց Մինասյանի կալանավորման մասին միջնորդությունը:

  • Կիսվել: