կիրակի, հունիս 23
23 / 6 / 2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիին:

Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ որպես սահմանադրական մարմին, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները։

Անդրադարձ է կատարվել Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին և հավաքներին։ Այս համատեքստում Պաշտպանը նշել է, որ հունիսի 12-ին աշխատակազմի հետ այցեր է իրականացրել Ոստիկանության բաժիններ և բժշկական հաստատություններ, հանդիպել բուժօգնություն ստացող հավաքի մասնակիցներին և Ոստիկանության ծառայողների, արձանագրել խնդիրները։

Հանդիպման շրջանակներում Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև ներկայումս մեր երկրում իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի անթույլատրելի ծավալներն այսօր Հայաստանի Հանրապետությունում և դրա դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը:

Պաշտպանը նշել է, որ այդ երևույթները Հայաստանում լայն տարածում են գտել, ինչն անընդունելի է: Հատկապես մտահոգիչ է բոլոր հիմքերով խտրական խոսույթի և ատելության խոսքի կիրառումն ակադեմիական համայնքում, քաղաքական և հանրային գործիչների կողմից, ինչպես նաև մեդիադաշտում։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

  • Կիսվել: