կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՄԻՊ-ի ներկայացուցիչները կրկին առանձնազրույց են ունեցել հացադուլ հայտարարած կալանավոր Մելոյանի հետ

ՄԻՊ-ի ներկայացուցիչները կրկին առանձնազրույց են ունեցել հացադուլ հայտարարած կալանավոր Մելոյանի հետ

Քրեակատարողական հիմնարկում երկարատև հացադուլի մեջ գտնվող Վահե Մելոյանի իրավունքների ապահովման հարցը շարունակում է մնալ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Սեպտեմբերի 2-ից հացադուլ հայտարարելուց հետո Պաշտպանի հանձնարարությամբ՝ Վահե Մելոյանի հետ առանձնազրույց ունենալու և նրա առողջական վիճակն ուսումնասիրելու համար մի քանի այց է իրականացվել համապատասխանաբար «Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներ:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում առանձնազրույցի ընթացքում Վահե Մելոյանը հայտնել է, որ իր հացադուլը պայմանավորված է նրանով, որ ներկայում Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործի շրջանակում իրեն առաջադրվել է անհիմն մեղադրանք:

Նրան պարզաբանվել է, որ օրենսդրական արգելքի ուժով Պաշտպանը չի կարող միջամտել վարույթին, պարզաբանվել են նաև Պաշտպանի մյուս լիազորությունները։
Վահե Մելոյանը բարձրացրել է պահման պայմանների հետ կապված որոշակի հարցեր: Դրանց, ինչպես նաև երկարատև հացադուլով պայմանավորված նրա առողջական վիճակի առնչությամբ համապատասխան պարզաբանումների պահանջով գրություն է ուղարկվել Արդարադատության նախարարություն:

Պարզաբանումների համաձայն՝ պահման պայմանների հետ կապված հարցերը լուծվել են, ինչպես նաև Վահե Մելոյանը տվել է ստացիոնար բուժզննություն անցնելու և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հետազոտվելու համաձայնություն:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցեր են իրականացրել նաև «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Դեկտեմբերի 6-ի այցի ընթացքում Վահե Մելոյանը եղել է անկողնային վիճակում, սակայն գիտակցությունը եղել է պարզ, հարցերին պատասխանել է հստակ: Նշել է, որ իրեն ֆիզիկապես թույլ է զգում, սակայն չի պատրաստվում դադարեցնել հացադուլը:

  • Կիսվել: