կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Միջազգային դատարաններում Հայաստանի շահերի ներկայացմանն ու պաշտպանության ուղղվող գումարները կավելանան

Միջազգային դատարաններում Հայաստանի շահերի ներկայացմանն ու պաշտպանության ուղղվող գումարները կավելանան

Միջազգային դատական ատյաններում Հայաստանի շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղվող հատկացումները 2024 թվականին կավելանան․ ավելացումը հիմնականում վերաբերում է միջպետական գանգատների շրջանակներում ներկայացուցչության ապահովմանը:

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականին պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նկատեց, որ բյուջեի նախագծում միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացման և պաշտպանության, դրանից կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման մասով հատկացումը 1.8 մլրդ դրամից հասցվել է 3.8 մլրդ դրամի: Նա հետաքրքրվեց, թե սա ինչի՞ հետևանք է:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանն ասաց, որ պատգամավորի մատնանշած ծրագիրը բաղկացած է երկու միջոցառումից: Դրա գերակշիռ մասը վերաբերում է Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանն ու պաշտպանությանը: «Հենց այս միջոցառման գծով ավելի մեծ ավելացում ունենք, 1.8 մլրդ դրամը վերաբերվում է տարբեր միջազգային, արբիտրաժային դատարաններում Հայաստանի շահերի պաշտպանությանը: Սա, ըստ էության, ենթադրում է որոշակի խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում: Այսինքն՝ 1.8 մլրդ ավելացումը վերաբերում է դրան»,-ասաց Խաչատրյանը:

Իսկ ինչ վերաբերում է վճիռների մասով համապատասխան փոխհատուցումների իրականացմանը, ապա ավելացումը 210 մլն դրամի չափով է՝ 2023-ի հաստատված բյուջեի նկատմամբ:

Պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց նաև ՀՀ շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն համար փաստաբանական ու իրավաբանական ծառայություններին ուղղվող գումարից և հարցրեց. «Հայաստանի Հանրապետության շահեր ասելով՝ ի՞նչ նկատի ունենք. Հայաստանի քաղաքացին դիմել է Եվրոպական դատարան և Հայաստանից պահանջ ունի, մենք էլ միլիոնավոր դրամներ ե՞նք ծախսում փաստաբանական ծառայության վրա, դրա՞ մասին է խոսքը: Թե՞ օրինակ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերի մասին է»:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը պարզաբանեց՝ անհատական գանգատների դեպքում, այսինքն՝ երբ ՀՀ քաղաքացին Եվրոպական դատարանում Հայաստանի դեմ գանգատ է ներկայացնում, Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը իրականացնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչն իր գրասենյակի միջոցներով: «Ավելացումը, բյուջեի գերակշռող մասը վերաբերում է միջպետական գանգատներով, այսինքն՝ տարբեր միջազգային դատական ատյաններում իրականացվող Հայաստան-Ադրբեջան միջպետական գանգատների շրջանակներում ներկայացուցչության ապահովմանը, որտեղ իրականացվում է փաստաբանական ծառայությունների, խորհրդատվության գնում: Իսկ երկրորդ դեպքում ներդրումային արբիտրաժային գործերով արբիտրաժային կենտրոններին վճարվող գումարների մասին է խոսքը»,-ասաց նա:

  • Կիսվել: