շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Միհրան Պողոսյանի թիկնապահն ու վարորդն օժանդակել են նրա կողմից շուրջ 44 մլն ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն

Միհրան Պողոսյանի թիկնապահն ու վարորդն օժանդակել են նրա կողմից շուրջ 44 մլն ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ նախկին գլխավոր հարկադիր կատարող Մ. Պ.-ի (Միհրան Պողոսյան-խմբ) թիկնապահ Է. Ս.-ն ու վարորդ Հ. Բ.-ն օժանդակել են Մ. Պ.-ի կողմից վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 44 մլն ՀՀ դրամ գումարի հափշտակություն կատարելուն:

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Մ.Պ.-ն իր անձնական թիկնապահ Է. Ս.-ին (2008 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թվականի ապրիլ) նշանակել է Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատու, իսկ անձնական վարորդ Հ. Բ.-ին (2009 թվականի նոյեմբերի 3-ից մինչև 2016 թվականի ապրիլ)՝ նույն բաժնի առաջատար խորհրդատու, սակայն նրանց հանձնարարել է օրենքով սահմանված իրենց լիազորությունների իրականացման փոխարեն ապահովել իր անձնական անվտանգությունը: Այսինքն՝ Է. Ս.-ն և Հ. Բ.-ն օպերատիվ բաժնում փաստացի աշխատանքի չեն հաճախել, այլ մշտապես ուղեկցել են նախկին գլխավոր հարկադիր կատարող Մ. Պ.-ին, կատարել նրա անձնական բնույթի հանձնարարությունները և առանց համապատասխան պաշտոնից բխող գործառութային պարտականությունները կատարելու՝ ՀՀ պետական բյուջեից ստացել են աշխատավարձ ու դրան հավասարեցված վճարումներ:

Արդյունքում Մ. Պ.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից Է. Ս.-ի դեպքում հափշտակել է ընդհանուր 22.117.820 ՀՀ դրամ, իսկ Հ. Բ.-ի դեպքում՝ 21.754.643 ՀՀ դրամ:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Հ. Բ.-ին և Է. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

  • Կիսվել: