հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մեղադրյալի կարգավիճակ է ստացել նաեւ Խաչատուրովի ընկերը

Մեղադրյալի կարգավիճակ է ստացել նաեւ Խաչատուրովի ընկերը

Մեղադրանք է առաջադրվել նաեւ բանակի գեներալ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի ընկերոջը՝ Էդգար Արշակյանին: Այս մասին այսօր դատարանի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Էդգար Արշակյանի փաստաբան Միհրան Պողոսյանը:

Նա հայտնեց, որ Արշակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու մասին արգելքը:

Անդրադառնալով բուն քրեական գործին՝ Միհրան Պողոսյանն ասաց. «Եկեք մոռանանք զորամասի տարածք հասկացողությունը, դա անշարժ գույք է, որը 90-ականների կեսերից երբեւիցե որպես զորամաս չի ծառայել: Զորամասերը եւ դրանց տարածքները հատուկ նշանակության հողամասի տակ են ընդգրկված եղել: Դրանք իրավական հիմք ստացել են 2005-ին, դրանից հետո դրանք որպես զորամաս երբեւիցե առկա չեն եղել»:

Դիտարկմանը, որ այդ տարածքներն անօտարելի են, փաստաբանն արձագանքեց. «Դրա պատասխանատուն երբեւիցե չի կարող հանդիսանալ Էդգար Արշակյանը, որովհետեւ տվյալ տարածքների օտարելիության պայմաններ օրենքը նախատեսում է առկա է թե որ պայմաններում կարող են տվյալ տարածքներն օտարվել»:

Պողոսյանն ասաց, որ քրեական գործում առկա 18 միլիոն դրամի գրավ վերցնելու մասը նույնպես իրականությանը չի համապատասխանում. «Գլխավոր դատախազն Ազգային ժողովում ուղղակի զբաղված էր մանիպուլյացիաներով, որովհետեւ տվյալ գույքի համար երբեւիցե 18 միլիոն դրամ գումար չի վերցվել: 2016-ի օգոստոսի 12-ին Խաչատուրովը ձեռք է բերել բնակարան Վանաձորում, այդ ժամանակ կքնվել է հիփոթեքային պայմանագիր, որի պայմանաններում միայն այդ բնակարանը գրավադրելու համար Խաչատուրովին տրամադրվել է 18 միլիոն 484 հազար դրամի վարկային գիծ: Որոշ ժամանակ անց բանկը Խաչատուրովին խնդրել է ներկայացնել լրացուցիչ գրավ, նա էլ իր ընկերոջը՝ Էդգար Արշակայնին, խնդրել է լրացուցիչ գումարով օգնել, քանի որ Արշակյանն այդ տարածքը չի  օգտագործել, որպես լրացուցիչ գրավ դա դրվել է բանկում, սակայն վարկային գիծը ոչ մի դրամով չի ավելացել»:

Փաստաբանը շեշտեց, որ Էդգար Արշակյանին մեղսագրվում է մի արարք, որն օբյեկտիվ իրականությունում գոյություն չունի. «Ասում են՝ Գրիգոր Խաչատուրովն է իրականում այդ տարածքը ձեռքբերել, որի համար որեւէ փաստական հիմք չկա, եւ Էդգար Արշակյանը հանդիսացել է այսպես ասած՝ քողարկված անձ՝ Խաչատուրովի գործարքը թաքցնելու համար»:

Նրա դիտարկմամբ՝ խտրական վերաբերմունք կա Խաչատուրովի նկատմամբ, ինչը պայմանավորված է նրա անձով. «Այսինքն՝ խնդիրը ոչ թե գործարքն ու ենթադրյալ քողարկումն է, այլ կոնկրետ նրա անձն է, որ ամեն կերպ ցանկանում են կալանքի հասնել, ինչը համոզված եմ, որ դատարանը թույլ չի տա այս պարագայում»:

  • Կիսվել: