հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Միհրան Պողոսյանի գործը հասավ դատարան. բռնագանձման ենթակա գումարը 1.3 մլն դոլար է

Միհրան Պողոսյանի գործը հասավ դատարան. բռնագանձման ենթակա գումարը 1.3 մլն դոլար է

ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի ու նրա հետ փոխկապակցված անձանց դեմ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայցն ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ, գրում է armeniasputnik.am-ը:

Դատախազությունից ուղարկված հայցադիմումը մակագրվել է դատավոր Աշխեն Ղարսլյանին։
Դատարանում` Աշխեն Ղարսլյանի նախագահությամբ, առաջիկայում կմեկնարկի Միհրան Պողոսյանից ու նրա հետ փոխկապակցված ևս 7 անձից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին դատավարությունը։

Նշված անձանց թվում են նախկին պաշտոնյայի կինը` Կարինե Մխիթարյանը, դուստրը` Լիա Պողոսյանը, ԴԱՀԿ նախկին պետի հետ կապակցված «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի սեփականատեր և գլխավոր տնօրեն, Իսպանիայի քաղաքացի Անտոնիո Ռիկարդո Մերինոն, «Քեթրին Գրուպի» գործադիր տնօրեն Գագիկ Բադալյանը, Միհրան Պողոսյանի անվան հետ կապված Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցի բաժնետեր Էդուարդ Հարությունյանը, տնօրեն Արթուր Թադևոսյանն ու «Կեչառիս գարդենս» հյուրանոցային համալիրի տնօրեն Գոհար Նազարյանը։

Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի համաձայն` նախկին պաշտոնյան ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում 568 830 000 մլն դրամի կամ շուրջ 1.3 մլն դոլարի չարաշահում է կատարել` հարկեր չվճարելով։ Իսկ հետոայդ գումարները «լվացել է» իր հետ կապված ընկերությունների միջոցով` դրանք ձևակերպելով որպես փոխառություններ։
Մասնավորապես` 2015թ–ին գումարը փոխանցվել է «Քեթրին Գրուպ» ՍՊ Ը–ի հաշվեհամարին որպես դրամական անտոկոս աջակցություն Պանամայի Հանրապետության օֆշորային գոտում գրանցված ընկերության կողմից։ Ավելի ուշ այն «Քեթրին Գրուպի» հաշվեհամարից մաս–մաս փոխանցվել է Պողոսյանի հետ կապված այլ ընկերությունների` «Կեչառիսի», «Կեչառիս գարդենսի» և այլ հաշվեհամարների։

Հիշեցնենք` Միհրան Պողոսյանը հետախուզման մեջ է` առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։

2019 թվականի ապրիլի 19-ին Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել: Իսկ մայիսի 28-ին ազատ էր արձակվել և ապրում էր Պետրոզավոդսկում վարձակալած բնակարանում`իրավապահների հսկողության տակ։

2019թ.-ի օգոստոսի 17-ին հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանին Հայաստանին արտահանձնելու` ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է անհնարինության հիմքով։

2022թ–ի ապրիլին ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի, նրա կնոջ ու դստեր, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ընկերությունների սեփականատեր ու ղեկավար գրանցված անձանց գույքի նկատմամբ արգելանք էր կիրառվել։

  • Կիսվել: