երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մեր երկրում դատական համակարգն անկախ է․ Ավանեսյանը՝ դատարաննում իր պարտության մասին

Մեր երկրում դատական համակարգն անկախ է․ Ավանեսյանը՝ դատարաննում իր պարտության մասին

Մեր երկրում դատական համակարգն անկախ է, և պետական մարմիններն էլ երբեմն պարտվում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է ստացվում, որ մասնագիտությամբ իրավաբան նախարարը դատարանում պարտվում է և պետությունը ստիպված է լինում ապօրինի ազատումների համար վճարել տվյալ աշխատողներին:

«Ես հիմա իրավաբանական գործունեությամբ չեմ զբաղվում, այլ առողջապահության նախարարն եմ, իսկ ձեր նշած Ծաղիկ Վարդանյանն էլ Պետական առողջապահական գործակալության տնօրենն է հանդիսացել:  Նրա նկատմամբ եղել է ծառայողական քննություն, համապատասխան բոլոր ընթացակարգերը պահպնելով նրան աշխատանքից ազատման հրաման է ստորագրվել: Ինչ խոսք, մեր երկրում դատական համակարգն անկախ է, և պետական մարմիններն էլ, այո, երբեմն պարտվում են։

Այս պարագայում մեզ համար շատ տարկուսելի է, որ թույլ տալով մի քանի կոպիտ խախտումներ, որոնք արձանագրված էին եւ դրված էին ծռայողական քննության հիմքում, դատարանը դրանք բավարար չհամարեց:

Այո, ժողովրդավարական երկրում, որտեղ դատարաններն անկախ են, այո, պետական մարմինները երբեմն պարտվում են, ոչ մի  սարսափելի բան չկա»,- նասաց նախարարը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը աշխատանքից ազատել էր պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանին։

Դեռ օգոստոսին պարզ դարձավ, որ Ավանեսյանը դատարանում պարտվել է պետական առողջապահական գործակալության նախկին պետ Ծաղիկ Վարդանյանին։ Դատարանը Ավանեսյանին պարտավորեցրել էր վճարել Ծաղիկ Վարդանյանի պարապուրդի ամբողջ աշխատավարձը, տույժ ու տուգանքը ու վերականգնել նրան գործակալության պետի պաշտոնում։ Պաշտոնին նշանակվելուց հետո Ծաղիկ Վարդանյանը ինքը ազատման դիմում գրեց՝ չցանկանալով աշխատել Ավանեսյանի հետ։

Հաջորդը Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանն էր։ Օրերս հրապարակվեց դատարանի վճիռը Արտակ Մանուկյանին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարելու ու պաշտոնում վերականգնելու մասին։

  • Կիսվել: