ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մանվել Գրիգորյանը պարտավորեցման հայց է ներկայացրել առողջապահության նախարարության դեմ

Մանվել Գրիգորյանը պարտավորեցման հայց է ներկայացրել առողջապահության նախարարության դեմ

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել Առողջապահության նախարարության դեմ՝ Ֆրանսիայի Վալ Դ՛Օրի բժշկական կենտրոնում հետագա հետազոտություններն ու բուժումը ստանալու հարցը քննարկելու նպատակով բժշկական հանձնաժողով հրավիրելուն և համապատասխան եզրակացություն տալուն պարտավորեցնելու պահանջով, գրում է «Հետքը»։

Հայցադիմումը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին:

Մանվել Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ըստ էության Մանվել Գրիգորյանը բուժում չի ստանում, պարզապես «կոնսերվացնում» են հիվանդությունները: Փաստաբանի խոսքերով, թե հիվանդության պատմության տվյալները, թե բուժող բժշկի մասնագիտական կարծիքը հանգեցրել են նրան, որ այլևս Հայաստանում հնարավոր չէ առողջապահական գործառույթներ կատարել՝ առողջության լավացման հետ կապված, և անհրաժեշտ է, որպեսզի Մանվել Գրիգորյանը հետազոտվի և բուժում ստանա արտերկրում: Հայաստանում այդ սարքավորումները և դեղամիջոցները բացակայում են, և ընդհանրապես՝ պահանջվող դեղամիջոցներն այստեղ գրանցված չեն:

Փաստաբանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծանր է: Գտնվում է տանը, որտեղ առկա է վերակենդանացման բաժանմունքի սարքավորումներ: Ստանում է, ոչ թե բուժում, այլ հանգստացնող դեղորայք՝ ցավազրկող, քնաբեր և այլն:

Լևոն Բաղդասարյանն ասաց, որ իրենք դիմել են Առողջապահության նախարարությանը, որպեսզի կամ հիվանդության պատմության հիման վրա թույլատրեն, որպեսզի Մանվել Գրիգորյանը մեկնի արտերկիր, կամ, եթե նպատակահարմար են գտնում հրավիրեն բժշկական հանձնաժողով և որոշեն՝ անձը տեղափոխվի արտերկիր, թե ոչ: Սակայն, ըստ փաստաբանի, առողջապահության նախարարությունը պատասխանել է, որ գործը գտնվում է դատարանում և իրենք նման իրավասություն չունեն:

Լ. Բաղդասարյանն այդ պատասխանը որակում է ոչ իրավաչափ, քանի որ նշվածը հենց առողջապահության նախարարության գործառույթն էր, ինչը չի իրականացվել: Թեև պատասխանն իրենց համար ընդունելի չի եղել, սակայն փաստաբանն այն ներկայացրել է դատարան: Վերջինս, ըստ Լևոն Բաղդասարյանի, իրավամբ մերժել է՝ պատասխանելով, որ դա հենց Առողջապահության նախարարության իրավասությունների տիրույթում է գտնվում:

Դատարանի գրությունն ուղղարկվել է առողջապահության նախարարություն, դարձյալ պահանջելով կամ հիվանդության պատմության հիման վրա թույլտվություն տալ, կամ հրավիրել հանձնաժողով: Այս անգամ Առողջապահության նախարարությունից պատասխանել են, թե գրությունն ուղարկել են Արդարադատության նախարարություն:

Լևոն Բաղդասարյանը նշում է, որ Արդարադատության նախարարությունն իրավացիորեն պատասխանել է, որ անձը կալանքի տակ չի գտնվում և իրենք այստեղ գործառույթներ չունեն:

«Այս ամբողջ անօրինություններն ուղարկեցինք Մարդու իրավունքների եվրոպական դատարան, դիմեցինք Մարդու իրավունքների պաշտպանին և միևնույն ժամանակ առողջապահության նախարարության անգործությունը վիճարկեցինք Վարչական դատարանում: Դատական պաշտպանությունը տևելու է տարիներ և նման պայմաններում 2-3 պետական լիազոր մարմիններ չեն կարողանում որոշել, թե ինչ գործողություններ կատարեն անձի առողջության հետ կապված: Սա ուղղակի անթույլատրելի է: Կապ չունի, թե ում մասին է խոսքը, կարևորն այն է, որ պետությունն ունենալով պոզիտիվ պարտավորություն առողջապահական գործառույթներ իրականացնելու՝ ի դեմս առողջապահության նախարարության, մատնվեց անգործության, դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով»,-ասում է Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Փաստաբանը հավելեց, որ նման անգործությունը բերելու է ոչ լավ հետևանքների: Ավելին, Մ. Գրիգորյանին բուժող բժիշկը տվել է իր մասնագիտական կարծիքը, որ այս պայմաններում անձը կարող է մահանալ:

«Ավելին ասեմ, ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համաճարակ է, սակայն, երբ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի ու հիվանդության պատմության տվյալներն ուղարկեցինք այն հիվանդանոց, որտեղ նա ժամանակին վիրահատվել էր, հաշվի չառնելով կորոնավիրուսի ռիսկը, արագ պատասխանեցին, որ անմիջապես ուղարկեք հիվանդին: Ասացին, որ իրենց սարքավորումներով կփորձեն հնարավորինս վերականգնել առողջական վիճակը»,-նշեց Լևոն Բաղդասարյանը հավելելով, որ ֆիրանսիական հիվանդանոցը պատրաստ է ընդունել Մանվել Գրիգորյանին, եթե նրան թույլ տրվի մեկնել Հայաստանից:

  • Կիսվել: