հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. այսօրվա միջնորդությունը ևս մերժվեց

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. այսօրվա միջնորդությունը ևս մերժվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց մերժել ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ նրա պաշտպանի միջնորդությունը։ Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը միջնորդությունը համարեց անհիմն:

Ավելի վաղ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդել էր Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել այլընտրանքային խափանման միջոց գրավով` պատճառաբանությամբ, որ իր պաշտպանյալի վիճակը վատացել է:

«Մանվել Գրիգորյանն օրական մի քանի կիլոգրամ դեղորայք է օգտագործում, նրա մոտ գլուխ են բարձրացրել երկրորդային հիվանդություններ, որոնք գնալով կարող են էլ ավելի խորանալ և հանգեցնել մահվան: Մանվել Գրիգորյանը գտնվում է նարկոզի տակ, վիճակը ծայրահեղ ծանր է»,-ասել էր նրա պաշտպանը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

  • Կիսվել: