հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մանվել Գրիգորյանի վիճակը երեկ վատացել է, հիմա նարկոզի տակ է. պաշտպան

Մանվել Գրիգորյանի վիճակը երեկ վատացել է, հիմա նարկոզի տակ է. պաշտպան

Մանվել Գրիգորյանը գտնվում է նարկոզի տակ, վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին այսօր դատարանում հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանի խոսքով` նրա առողջական վիճակը երեկ սրվել է, նրան ստիպված են եղել անզգայացնել։

Բաղդասարյանը հայտնեց, որ Մանվել Գրիգորյանի ամբողջ մարմինն այտուցված է, նաև` ձայնալարերի հետ կապված խնդիր ունի ու չի կարողանում խոսել։

«Մանվել Գրիգորյանն օրական մի քանի կիլոգրամ դեղորայք է օգտագործում, նրա մոտ գլուխ են բարձրացրել երկրորդային հիվանդություններ, որոնք գնալով կարող են էլ ավելի խորանալ և հանգեցնել մահվան»,–հայտարարեց Լևոն Բաղդասարյանը։

Պաշտպանը այսօրվա նիստում ևս միջնորդեց Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել այլընտրանքային խափանման միջոց գրավով։ Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Նշենք, որ 5 ամիս տևած դատաքննության ընթացքում դատարանը շուրջ 7 անգամ մերժել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու  նրա պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։

Հիշեցնենք,  որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու ու մի շարք այլ հանցանքների մեջ:

 

  • Կիսվել: