երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մանկապարտեզների տնօրեններն անժամկետ չեն ղեկավարի

Մանկապարտեզների տնօրեններն անժամկետ չեն ղեկավարի

առավարությունը մտադիր է կրճատել մանկապարտեզների տնօրենների կառավարման ժամկետներն ու խստացնել այդ պաշտոնում նրանց նշանակման պայմանները։ Այդ նպատակով ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փոփոխություններ ու լրացումներ է առաջարկել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում։
 
Կառավարության այսօրվա նիստում ներկայացված նախագծով առաջարկվում է նախադպրոցական հաստատություններում օրենքի պարտադիր պահանջով սահմանել նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժների վերապատրասման կարգը, ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրի ստացման կարգն ու ժամկետները և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորման պահանջը։
Օրենքի նախագծով մանկավարժների համար պարտադիր վերապատրաստման ժամկետ է սահմանվում 5 տարին։
 
Իսկ տնօրենների համար առաջարկվում է հանել հավաստագրի ստացմանը նախորդող պարտադիր վերապատրաստման պահանջը:
 
«Իրականացված վերլուծության համաձայն` համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների շուրջ 65 %-ը պաշտոնավարում է անորոշ ժամկետով պայմանագրերի հիման վրա, ինչը չի բխում «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 19-րդ հոդվածի տրամաբանությունից և անհավասար պայմաններ է ստեղծում դաշտում»,– նշված է օրինագծի հիմնավորումներում։
 
Ինչ վերաբերում է մանկապարտեզների լիցենզավորման պարտադիր պահանջին, դրա համար նախագծով սահմանվում է լիցենզիայի ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետ` մինչև 2023 թվականի դեկտեմբերի 10-ը:
 
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց նախարարության օրենսդրական առաջարկը։ Օրենքի նախագիծն առաջիկայում կքննարկվի ԱԺ–ում։

  • Կիսվել: