չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
 ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն

ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց, որ Գլխավոր դատախազությունը մեղադրանք առաջադրի նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առանջնորդ Ռոբերտ Քոչարյանին:

ԿԸՀ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնեց փաստաբան Արամ Օրբելյանը։ Նա մանրամասնեց, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվելու պաշտոնական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով։

Նա նշեց, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ՝ 2004 թվականին կատարված մի գործարքի մասին է, որը հաստատել է ՀՀ կառավարությունը։ Օրբելյանի պնդմամբ՝ այդ գործարքը որևէ կերպ չի վիճարկվել, և դրա հետ Ռոբերտ Քոչարյանը և նրա ընտանիքի անդամները որևէ առնչություն չունեն։

«Հետագայում՝ 2008 թվականին, երբ պարոն Ռոբերտ Քոչարյանն արդեն պաշտոն չէր զբաղեցնում, նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը տվյալ ընկերությունում բաժնեմաս է գնել՝ բավականին մեծ գումար վճարելով։ Եվ հիմա դա ինչ-որ ձևով փորձում են կապել 2004 թվականի գործարքի հետ։ Խոսքը «Մաստեր կլաս» թենիսի տարածքի մասին է»,- մանրամասնել է նա։

Նրա խոսքով՝ այդ հատվածը վարձակալությամբ է հանձնված եղել, վարձակալը իր գումարներով սկսել է կառուցապատում իրականացնել, սակայն 2008 թվականին ֆինանսական որոշակի խնդիրներ է ունեցել և ներդրումներ փնտրելու ժամանակ առաջարկ է եղել նաև Սեդրակ Քոչարյանին, որը համապատասխան մասնակցություն է ունեցել այդ գործընթացում։

Հունիսի 16-ին հայտնի էր դարձել, որ Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։

Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթահարել է խորհրդարան մտնելու անցողիկ շեմը և նոր ձևավորվելիք խորհրդարանում կունենա 12 մանդատ։ Ռոբերտ Քոչարյանը գլխավորում է դաշինքի ընտրական ցուցակը, հետևաբար, այս պահին նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համար անհրաժեշտ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը։

  • Կիսվել: