ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԿՌՈւ-ի պետի եղբայրը՝ Վարդան Սիսակյանը, դատապարտված չի եղել, ավելին՝ դատարանի որոշմամբ արդարացվել է․ փաստաբանի պարզաբանումը

ԿՌՈւ-ի պետի եղբայրը՝ Վարդան Սիսակյանը, դատապարտված չի եղել, ավելին՝ դատարանի որոշմամբ արդարացվել է․ փաստաբանի պարզաբանումը

Պետական եկամուտների կոմիտեի Գոգավանի մաքսայինի գլխավոր տեսուչ Վարդան Սիսակյանը դատապարտված չի եղել, ավելին՝ դատարանի որոշմամբ արդարացվել է, InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի փաստաբան Կարեն Սարդարյանը՝ հերքելով մամուլում հրապարակված տեղեկությունները։

Վարդան Սիսակյանը, նկատենք, Ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության, կամ ինչպես ընդունված է ասել՝ «Ֆիննախի ԿՌՈւ»-ի պետ Վախթանգ Սիսակյանի եղբայրն է։

Ըստ «Ժամանակ» թերթում հրապարակված տեղեկության Վարդան Սիսակյանը նախկինում դատապարտված է եղել պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին։

Սակայն փաստաբան Կարեն Սարդարյանը մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը և վկայակոչելով երեք դատական ատյաններում կայացված դատավճիռը, ասաց, որ Վարդան Սիսակյանը արդարացվել է և ոչ թե դատապարտվել։ Նրա ներկայացմամբ, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դեռևս 2017 թվականի սեպտեմբերին կայացրել է դատավճիռ, որով արդարացրել է Սիսակյանին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով և որոշել Սիսակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:

Սակայն, ըստ փաստաբանի, գլխավոր դատախազությունը պնդել է մեղադրանքը ու ներկայացրել վերաքննիչ բողոք։ «2018-ի հունիսին Վերաքննիչ դատարանը մերժեց մեղադրող դատախազի բողոքը, և առաջին ատյանի դատարանի վճիռը թողեց ուժի մեջ», ասաց փաստաբան Սարդարյանը։ Սակայն այս անգամ ևս գլխավոր դատախազությունը չի հնագստացել ու դիմել է Վճռաբեկ դատարան, բայց փաստաբանի փոխանցմամբ, 2018-ի դեկտեմբերին արդեն Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել դատախազի բողոքը։

«Այսինքն՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով Վարդան Սիսակյանը արդարացվել է, մինչդեռ գրում են, թե դատապարտվել է։ Դա կոպիտ սխալ է ու չի համապատասխանում իրականությանը», նշեց փաստաբանը։

  • Կիսվել: