երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Կրակոցներ՝ «Օշականի ձորում»․ Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին․ կա վիրավոր

Կրակոցներ՝ «Օշականի ձորում»․ Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին․ կա վիրավոր

Երեկ՝ հուլիսի 22-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում և ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Օշականի ձորում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալի և ոստիկանության Աշտարակի  բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։

Մինչ ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձեռքի արմնկային հոդի հրազենային վնասվածքով» շտապօգնության բժիշկների խումբն իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։Ոստիկանները տեղում պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Կարապետ Մ․-ն է։Տեղում ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 21։30-ի սահմաններում Կարապետ Մ․-ն Օշական գյուղի «Օշականի ձոր» կոչվող վայրում  կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Արագածոտնի մարզի բնակիչ 55-ամյա Գևորգ Ու․-ի հետ, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած որսորդական հրացանով 2 անգամ կրակել է Կարապետ Մ․-ի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ վերջինս ստացել է հրազենային վնասվածք։

Դեպքի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն և մինչ քննչական խումբը կժամաներ դեպքի վայր, որտեղ ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են բավականին արնանման հետքեր, դրամապանակ, ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, թե որտեղ է գտնվում կասկածյալ Գևորգ Ու․-ն։ Ոստիկանները Օշական գյուղի Ձախ-Ափ փողոցում հայտնաբերում են նրան և կասկածանքով ձերբակալել ու տեղափոխել ոստիկանության Աշտարակի բաժին։ Արդեն փաստերի ճնշման տակ վերջինս խոստովանում է կատարվածը, որից հետո ոստիկանության Աշտարակի բաժնից նրան ներկայացնում են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, իսկ արդեն դեպքի վայրում կասկածյալի որդին հանցագործության գործիք հանդիսացող հրազենը վերցրել և թաքցրել էր իրենց տան հարակից հողամասում գտնվող թզենու ծառի տակ։

Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հրացանը և մի քանի փամփուշտ՝ այդ թվում չկրակված։Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: