ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կորոնավիրուսի համար հատկացված միջոցների յուրացման փաստով քրեական գործ է հարուցվել

Կորոնավիրուսի համար հատկացված միջոցների յուրացման փաստով քրեական գործ է հարուցվել

Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ է հարուցվել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում կատարված ծախսերի հետ կապված․ այդ մասին հայտնեցին Գլխավոր դատախազությունից, գրում է civilnet-ը։

Քրեական գործ հարուցվել է՝ հաշվի առնելով ֆինանսների նախարարության համապատասխան ստուգումներն ու Հաշվեքննիչ պալատի վերջին հաշվեքննությունը։

Անցյալ ամիս Հաշվեքննիչ պալատը հանդես էր եկել կորոնավիրուսի համար հատկացված ծախսերի աղմկոտ հաշվեքննությամբ։ Դրանով պարզվել էր, որ կորոնավիրուսի կանխարգելման շրջանակում առանց ծախսային հիմնավորումների ու հաշվետվությունների գումարների վերաբաշխումներ են եղել, որոշ դեպքերում պացիենտի բուժման ծախսերը եղել են ուռճացված, գնումները հիմնականում իրականացվել են մեկ անձից գնման ընթացակարգով և այլն, տարբեր բժշկական կենտրոններում էլ ծախսերը իրականացվել են խեղաթյուրումներով։

Ինչպես ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին դատախազությունից, վարչապետի հանձնարարականի համաձայն, դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ստացել ու ուսումնասիրել է առողջապահության նախարարությունում կորոնավիրուսի բուժման գործընթացի վերաբերյալ իրականացրած ստուգման, հաշվեքննության ակտերը։ Դրա արդյունքում դատախազությունը Հակակոռուպցիոն կոմիտեին հանձնարարել է նյութեր նախապատրաստել։

Մայիսի 23-ին Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ յուրացման կամ վատնման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։

Հունիսի 10-ին Ազգային ժողովում քննարկում էր կայացել պատգամավորների և Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչների միջև։ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները պարզաբանումներ էին պահանջում Հաշվեքննիչ պալատի նախագահից Ատոմ Ջանջուղազյանից՝ առողջապահության նախարարության կողմից համավարակի ժամանակ տեղի ունեցած խախտումների բարձրաձայնման համար։

  • Կիսվել: