հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կոնցեպտուալ փոփոխություններ են սպասվում քրեական դատավարության համակարգում. Բադասյան

Կոնցեպտուալ փոփոխություններ են սպասվում քրեական դատավարության համակարգում. Բադասյան

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց չզեկուցվող հարցերի մեջ ներառված երկու խոշոր օրինագծեր: Դրանք ՀՀ քրեական օրենսգրքի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծերն են։

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ այս օրենսգրքերով առաջարկվում են կոնցեպտուալ փոփոխություններ, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտն է ներդրվում, բազմաթիվ այլընտրանքային խափանման միջոցներ են ներդրվում, որը կբերի կալանքի թվի նվազեցման։

«Օպերատիվ հետախուզության մի շարք տեսակներ բերվում են քրեական դատավարություն՝ գաղտնի քննչական գործողությունների տեսքով, որոնք ապահովելու են որպեսզի ստացված տեղեկությունները որպես ապացույց օգտագործվեն քրեական դատավարությունում եւ մի շարք այլ կոնցեպտուալ փոփոխություններ»,- նշեց նախարարը։

Նա նաև հայտնեց, որ այսօր նախարարության կայքում կհրապարակեն բոլոր փոփոխությունները, որպեսզի հանրությունը տեղյակ լինի և ԱԺ-ում մասնակցի քննարկումներին։

Ռուստամ Բադասյանը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետին, որի գիտնականներն են աշխատել նախագծի վրա, ինչպես նաև Եվրոպայի խորհրդին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ փաթեթների հրապարակային քննարկումը տեղի կունենա ԱԺ-ում, դրա համար որոշել են այն նորից կառավարության նիստում չքննարկել, քանի որ բավարար  չափով քննարկվել է:

«Հույս ունեմ, որ մեր քրեաիրավական վիճակը էականորեն կփոխվի այս օրենքների ընդունման արդյունքում»,- ասաց նա:

  • Կիսվել: