երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Կխոսենք, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա․ Գուրգեն Արսենյան կրտսերի փաստաբանը հրաժարվում է մեկնաբանություններից

Կխոսենք, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա․ Գուրգեն Արսենյան կրտսերի փաստաբանը հրաժարվում է մեկնաբանություններից

Կխոսենք, եթե հետագայում դրա անհրաժեշտությունն առաջանա, առայժմ ելնելով իմ վստահորդի շահերից և նախաքննական գաղտնիքից՝ ես չեմ ցանկանում որևէ մեկնաբանություն տալ։ ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ կրտսեր Գուրգեն Արսենյանի փաստաբան Լուսինե Ասլանյանը։ «Անգամ չեմ կարող ասել՝ ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, թե ոչ»։

Երեկ Քննչական կոմիտեից տեղեկացրին, որ կրտսեր Գուրգեն Արսենյանին մեղադրում են ավազակային հարձակման համար։ Լրատվամիջոցները գրեցին, որ նա դանակի սպառնալիքով կողոպտել էր աշխատակցին՝ նրանից հափշտակելով 20 հազար դրամ։

Հիշեցնենք, որ Գուրգեն Արսենյան ավագը ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2012թ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Նա համարվում էր խորհրդարանի ամենահարուստ պատգամավորներից մեկը, ում դրամական միջոդները 2015 թ-ին, երբ նա դեռ պատգամավոր էր, գերազանցում էին 690 մլն դրամը և 1,5 մլն դոլարը։ Այդ տարում նրա եկամուտները գերազանցել էին 1,8 մլրդ դրամը։

2017 թ-ին մամուլում տեղեկություն տարածվեց, որ Արսենյանին պատկանող «Ունիքորն» ընկերությունը, որը Հայաստանում ծխախոտ ներմուծող խոշորագույն ընկերություններից է, ձեռք է բերել այն ժամանակ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը։

Մամուլը գրում էր, որ Արսենյանը, պատգամավոր չդառնալուց հետո Հայաստանում վաճառել է իր բոլոր բիզնեսները՝ թողնելով միայն դրսի բիզնեսը։

Նրա որդին՝ կրտսեր Գուրգեն Արսենյանը, սակայն, առաջին անգամ չէ, որ հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում: 2017 թվականին Գուրգեն Արսենյանին ու նրա երկու ընկերներին մեղադրանք էր առաջադրվել 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «Խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ»: Արսենյանը 4 տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել Երևանի Աբովյան 39 հասցեում գործող «Կրիստալ» գիշերային ակումբի դիմաց ընկերների հետ կատարած խուլիգանության համար: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառվեց ու սահմանվեց 2 տարի փորձաշրջան:

 

  • Կիսվել: