ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Խոշտանգումների կանխարգելման ոլորտում առկա խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ դասընթաց ՄԻՊ աշխատակազմի համար

Խոշտանգումների կանխարգելման ոլորտում առկա խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ դասընթաց ՄԻՊ աշխատակազմի համար

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի երևանյան գրասենյակի հետ համատեղ դեկտեմբերի 3-4 իրականացրել է երկօրյա սեմինար՝ խոշտանգումների կանխարգելման ոլորտում առկա խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ։

Քննարկման ընթացքում փորձագետները ներկայացրել են խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ միջազգային լավագույն փորձը, նախադեպային որոշումները, հայաստանյան օրենսդրությունը, նշված գործերում ապացույցների կիրառումը, բժշկական և իրավական տեսանկյունից խոշտանգումների փաստագրման համար տեղեկություններ հավաքելու կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել նաև այս ոլորտում մասնագիտական էթիկայի սկզբունքի, գաղտնիության և անվտնագության ապահովմանը, չվնասելու սկզբունքի պահպանմանը։

Քննարկման մասնակիցները, ի թիվս այլնի, ուսումնասիրել են նաև խոշտանգումներ վերապրածների հետ հարցազրույցի անցկացման նրբություններն ու հիմնական սկզբունքները, որոնք նպաստում են վստահության մթնոլորտի ստեղծմանը։

Միջազգային փորձագետի կողմից ներկայացվել է Ստամբուլյան արձանագրությունը, բազմամասնագիտական թիմի, մասնավորապես, բժիշկների, հոգեբանների և իրավաբանների միջև համագործակցության կարևորությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանում բժիշկների, հոգեբանների և իրավաբանների միջև բազմաբնույթ համագործակցության հնարավորություններին ու մարտահրավերներին։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ինչպես նաև խոշտանգումների կանխարգելման ոլորտում տարբեր մասնագետների կարողությունների զարգացումը խիստ կարևոր է առկա խնդիրները վեր հանելու և լուծման ուղիներ գտնելու տեսանկյունից։

Միջոցառման ընթացքում քննարկվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար ենթադրյալ խոշտանգման դեպքերի արձանագրման ստուգաթերթի պատրաստման անհրաժեշտությունն ու նախանշվել կարևոր բաղադրիչները։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված նման միջոցառումները կրում են շարունակական բնույթ։

  • Կիսվել: