Խորհուրդ չեմ տա աչք ունենալ գլխավոր դատախազի պաշտոնի վրա. Արթուր Դավթյան
Արդյոք իշխանությունը ձեզ առաջարկ արել է, որ աշնանը նորից ձեզ առաջարկեն զբաղեցնել գլխավոր դատախազի պաշտոնը: Այս մասին լրագրողներն այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում հարց ուղղեցին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հիշեցնելով, որ օրենսդրությունը թույլ է տալիս, որ ինքը եւս մեկ անգամ առաջադրվի այդ պաշտոնում:
«Շատ լավ ասացիք՝ ժամկետը արդեն մոտենում է, բայց դեռ չի մոտեցել: Հետեւաբար, կան օրենքով նախատեսված ժամկետներ, ընթացակարգեր, եւ դրա մասին ոչ կոռեկտ եմ համարում, ժամանակային առումով էլ վաղ եմ համարում խոսելը»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ գուցե փորձեր են արվում թուլացնել իր դիրքերը եւ ի վերջո, այդ պաշտոնում այլ անձի նշանակել, Արթուր Դավթյանն արձագանքեց. «Դե «գուցե»-ներ շատ կան: Շատ մարդիկ կունենան ինչ-որ շահագրգռություններ, ինչ-որ մոտիվներ: Բազում պարապ մարդիկ ուղղակի սուրճի սեղանի շուրջ զրույցներ կարան ունենան: Ցավոք, դա վերջին շրջանում հաճախ է տեղափոխվում լրատվական դաշտ, բայց կոնկրետ դա ինձ չի հետաքրքրում»:
Նա չպատասխանեց հարցին՝ ուզո՞ւմ է կրկին զբաղեցնել գլխավոր դատախազի պաշտոնը, թե ոչ. «Իմ այդ թեմային անդրադառնալու համար դեռ շատ վաղ է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը աչք ունի գլխավոր դատախազի պաշտոնի վրա կամ գոնե ցանկանում է իր մտերիմներից մեկին բերի այդ պաշտոնում, Արթուր Դավթյանն ասաց. «Խորհուրդ չեմ տա խորությամբ այս պաշտոնի պատասխանատվությունն ու բեռը չպատկերացնողներին աչք ունենալ սրա վրա»: