հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքի ու ատելության տարածումը․ ՄԻՊ

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքի ու ատելության տարածումը․ ՄԻՊ

Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող գործընթացները գտնվելու են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում. կիրականացվեն ուսումնասիրություններ, բողոքների ու դիմումների քննարկում Պաշտպանի իրավասությանը վերաբերող հարցերով:
 
Ինչպես հայտնում են ՄԻՊ աշխատակազմիղ, ընտրական իրավունքի երաշխավորումը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնարար ուղղություններից է: Այս իրավունքի շնորհիվ են երկրում ձևավորվում ժողովրդավարական ինստիտուտներն ու կառավարման համակարգը:
Որքան ազատ ու անխոչընդոտ է ընտրական իրավունքի իրացման հնարավորությունը, այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային արտահայտման արդյունքում նոր ձևավորված մարմնի նկատմամբ վստահությունը։
 
Այս նպատակի համար հիմնարար նշանակություն ունեցող հարցերից է ապահովել վիրավորանքի, հայհոյանքի ու ատելության բացառումը, երկրում համերաշխության մթնոլորտի երաշխավորումը:
Կոչ ենք անում քաղաքական բոլոր ուժերին և հանրային գործիչներին ձեռնպահ մնալ հասարակությունը բևեռացնող ու լարվածությունն ավելացնող արարքներից, վիրավորանք կամ ատելություն տարածող բառապաշարից: Հանրային գործիչները, հատկապես պարտավոր են իրենց արարքներով ու խոսքով օրինակ ծառայել այս հարցում:
 
Երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր գործընթաց պետք է անվերապահ հիմնված լինի իրավունքի գերակայության վրա: Ցանկացած նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը:
Պետության բոլոր մարմինները, այդ մարմինների պաշտոնատար անձինք պետք է նկատի ունենան, որ նրանց ուղիղ պարտավորությունն է իրենց խոսքով ու վարքով բացառել լարվածության տանող ցանկացած երևույթ՝ վիրավորանքն ու ատելությունը, հայհոյանքը, բռնության ուղղակի կամ անուղղակի արդարացումը կամ խրախուսումը: Համերաշխության մթնոլորտի, մարդու իրավունքների ու յուրաքանչյուրի կարծիքի նկատմամբ հարգանքի ապահովման գլխավոր պարտավորությունը պետությանն է:
 
արդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը ցույց է տալիս, որ արդեն սոցիալական ցանցերում ակտիվացել են նաև տարբեր կողմերի սատարող կեղծ էջեր ու օգտահաշիվներ: Դրանցով արվում են հայհոյանքներ պարունակող, ագրեսիվ, անգամ բռնությունը խրախուսող կամ արդարացվող գրառումներ: Այս արատավոր երևույթներն ավելացնում են լարվածությունը:
 
Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում իրավապահ մարմինների արագ արձագանքը իրենց իրավասության տիրույթում հայտնված հարցերին: Այս հարցով Պաշտպանի աշխատակազմը նրանց հետ կապահովի անհրաժեշտ համագործակցություն և փոխադարձ կապ:
Մարդու իրավունքների պաշտպանը գործելու է բացառապես իր իրավասության սահմաններում և աշխատելու է հնարավորինս հրապարակային:
 
Ի գիտություն բոլորի, ևս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ Պաշտպանի իրավասության մեջ չի մտնում այն վեճերի լուծումը կամ բողոքների քննումը, որոնք կոնկրետ գործերով են և ուղղված են մասնավոր անձանց դեմ կամ մասնավոր անձանցից կոնկրետ պաշտոնատար անձանց պաշտպանելուն:
Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են լինելու լրագրողների և դիտորդների իրավունքների հարցերը:
 
Ըստ այդմ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կգործի աշխատանքային խումբ, որը նախընտրական և հետընտրական փուլերում, ինչպես նաև քվեարկության օրը կգործի արտակարգ ռեժիմով և կիրականացնի անկախ մշտադիտարկում:
 
Քվեարկությանը օրը Պաշտպանի աշխատակազմի կենտրոնական և մարզային ստորաբաժանումներն աշխատելու են վաղ առավոտից՝ 24 ժամյա ռեժիմով: Կապահովվի արագ արձագանքը Պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր բողոքների, ներառյալ՝ թեժ գծին ստացվող ահազանգերին ։
Աշխատանքային խմբի ներկայացուցիչները կգործուղվեն այն մարզեր կամ համայնքներ, որտեղ չկան մարզային ստորաբաժանումներ։
 
Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքներ կամ ահազանգեր Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116‑100:
Անհրաժեշտ համագործակցոթյուն կապահովվի նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ:

  • Կիսվել: