չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կեղծ խմիչքներ իրացնելուն օժանդակելու գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Կեղծ խմիչքներ իրացնելուն օժանդակելու գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է ալկոհոլային կեղծ խմիչքներ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Տաշիր քաղաքի 29-ամյա բնակիչը, «Ինստագրամ» սոցիալական կայքում ինքնարժեքից ցածր գներով տարբեր ապրանքանիշերի օղիների վաճառքի վերաբերյալ հայտարարություն տեսնելով, նախնական համաձայնության է եկել ընկերոջ հետ և քննու­թյամբ դեռևս չպարզված անձից, առանց ապրանքների ձեռքբերումը հիմնավորող, օրենդրությամբ սահմանված համապատաս­խան փաստաթղթերի առկայության, 1 շշի համար վճարելով 600 ՀՀ դրամ, ձեռք է բերել «ՀՍՏ 273-2007» պետական ստանդարտին չհամապատասխանող, կեղծ ակցիզային դրոշմանիշներով, 200 շիշ տարբեր տեսակի կեղծ օղիներ և փոխադրել ընկերոջ բնակարան:

Վերջինս, օժանդակելով ընկերոջ հանցավոր գործողություններին, հիշյալ կեղծ օղիների մի մասը վաճառել է՝ յուրաքանչյուրը 1000 ՀՀ դրամով, 6 շիշն օգտագործել է, իսկ 163 շիշը հայտնաբերվել է բնակարանի խուզարկությամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 29-ամյա երիտասարդի ընկերոջը մեղադրանք է առաջադրվել՝ 38-207-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Վերջինիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

 Տաշիր քաղաքի 29-ամյա բնակչի մասով նախաքննությունն ավարտվել է դեռևս հոկտեմբեր ամսին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ալկոհոլային կեղծ խմիչք և կեղծ ակցիզային դրոշմանիշներ պատրաստելու մասով քրեական գործի վարույթը կասեցվել է՝   ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:     

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: