ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կձևավորվի Ներքին գործերի նախարարություն. օրենսդրական փաթեթը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ

Կձևավորվի Ներքին գործերի նախարարություն. օրենսդրական փաթեթը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ

Կառավարությունն առաջարկում է ձեւավորել Ներքին գործերի նախարարություն: ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում: Օրենսդրական փաթեթով առաջարկվում է նաեւ դադարեցնել Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը:

Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանի խոսքով առաջին ընթերցման ժամանակ փաթեթը քննարկվել է բավականին դետալային: Արփինե Սարգսյանը նշել է, որ երկրորդ ընթերցման փուլում Կառավարությունը ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնց մի մասը տեխնիկական բնույթի են:

Օրեսդրական փաթեթը լրացվել է մեկ օրենքի նախագծով եւս, որը վերաբերում է «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքին: Փոխնախարարի խոսքով փաթեթը լրամշակվել է վերոնշյալ օրենքով այն պարզ տրամաբանությամբ, որ ՆԳՆ-ն մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիավորման ոլորտում քաղաքականության մշակման ֆունկցիա է ունենալու, ուստի եւ տրամաբանական է, որ Ոստիկանության պետին փոխարինի ՆԳ նախարարը:

Միակ բովանդակային փոփոխությունը, ըստ փոխնախարարի, վերաբերում է աշխատանքային միգրացիային, որը հանվել է ՆԳՆ լիզորության տիրույթից: Վերջինս կշարունակի մնալ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տիրույթում:

Հստակեցվել են ոստիկանության կարգապահական կանոնագրքում առկա փոփոխությունները: «Կառավարության մոտեցումն այն է, որ հատկապես ոստիկանության ծառայողների նկատմամբ կարգապահական վարույթը պետք է իրականացնի հենց ՆԳՆ կազմում գործող Ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունը՝ օբյեկտիվությունն ապահովելու համար»,- ասել է նա: Պահպանվել է նաեւ Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի գաղափարը: Արդարադատության փոխնախարարը նշել է, որ մասամբ ընդունվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած առաջարկը:

ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք ՆԳ նախարարության ձեւավորմամբ աշխատատեղերի կրճատումներ չեն լինի՝ նախարարությունների միավորման արդյունքում:

Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանի տեղեկացմամբ նոր նախարարության ձեւավորումը ենթադրելու է կառուցվածքային փոփոխություն, եւ կլինեն նաեւ հաստիքների կրճատումներ, սակայն հաստիքների ահռելի թվի կրճատում չի լինի:

Հանձնաժողովն օրենսդրական փաթեթին տվել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: