երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կարծրատիպերը կոտրելու ժամանակն է. ՄԻՊ-ը մասնակցել է կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված քննարկմանը

Կարծրատիպերը կոտրելու ժամանակն է. ՄԻՊ-ը մասնակցել է կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված քննարկմանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 14-ին, մասնակցել է «Հայաստանն ավելի ուժեղ դարձնելով. Կանայք, խաղաղությունը եւ անվտանգությունը Հայաստանում» խորագրով միջոցառմանը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է պաշտպանի գրասենյակից։

Անահիտ Մանասյանն իր ելույթում անդրադարձել է կանանց իրավունքների պաշտպանության եւ խթանման ուղղությամբ Հայաստանում իրականացվող քայլերին։ Գործընթացի հաջող իրականացման համար նա ընդգծել է տարբեր կարծրատիպերի հաղթահարման կարեւորությունը։ Այս համատեքստում պաշտպանը նշել է, որ անհրաժեշտ է լուրջ աշխատանքներ իրականացնել կրթության ոլորտում, քանի որ դպրոցական տարիներից է ձեւավորվում կարծրատիպային մտածողությունը։ 

Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաեւ մարզերում բնակվող կանանց տարբեր գործընթացներում մասնակցության խնդրին։ Պաշտպանը նշել է, որ մարզեր իրականացվող այցերի ժամանակ տարբեր քննարկումներ է անցկացնում կանանց հետ, կարեւոր դերակատարություն ունի նաեւ ՄԻՊ առընթեր կանանց խորհուրդը։

Պաշտպանը ներկայացրել է նաեւ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ կանանց իրավունքների պաշտպանության եւ խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նա նշել է, որ շուտով ստեղծվելու է ՄԻՊ առընթեր ազգային փոքրամասնությունների հարցերով հասարակական խորհուրդ, ինչի արդյունքում նշված խնդիրների հաղթահարման հնարավորությունները կմեծանան։

«Անձամբ եմ աշխատելու ազգային փոքրամասնությունների համայնքների կանանց հետ»,- ընդգծել է նա։

Պաշտպանը խոսել է նաեւ որոշումներ կայացնելու գործընթացում կանանց ներգրավվածության խթանման մասին` ընդգծելով, որ կանանց ներգրավվածությունը կարեւոր է կառավարման ոչ միայն միջին, այլ նաեւ որոշումների կայացման մակարդակում։

«Հայաստանն ավելի ուժեղ դարձնելով. Կանայք, խաղաղությունը եւ անվտանգությունը Հայաստանում» խորագրով միջոցառումն անցկացվում է Հայաստանում Եվրոպական միրության պատվիրակության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում։ Այն իրականացնում է «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպությունը եւ նվիրված է ՄԱԿ-ի ԱԽ «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» N1325 բանաձեւի գործողությունների երկրորդ ազգային ծրագրի կիրարկումը բարելավելու համար իրականացվող քայլերին։ Միջոցառումը երկօրյա է եւ անցկացվում է հուլիսի 14-15-ը։

  • Կիսվել: