երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կարմիր խաչը պետք է արձանագրի՝ Ադրբեջանն Արցախում էթնիկ զտման քաղաքականություն է իրականացնում․ Թաթոյան

Կարմիր խաչը պետք է արձանագրի՝ Ադրբեջանն Արցախում էթնիկ զտման քաղաքականություն է իրականացնում․ Թաթոյան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Բոսնիայի և Հերցեգովինայի գործով 1992թ. արձանագրել էր էթնիկ զտումները` նշելով ահաբեկումների, սպառնալիքների, խոշտանգումների մասին և այլն: Ըստ այդմ, միջազգային հանրությանն առաջարկել էր ստեղծել պաշտպանված գոտիներ (protected zones) Բոսնիա և Հերցեգովինայի տարածքում` քաղաքացիական բնակչության պաշտպանության նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Մարդիկ չպետք է զրկանքներ կրեն այն պատճառով, որ երկրները դեռ չեն կարգավորել իրենց միջև քաղաքական հարաբերությունները: Չի կարելի մարդկանց կյանքը խաթարել ու սպասեցնել մինչև քաղաքական հարաբերությունները կկարգավորվեն:

Այս մասին 2000թ. ասել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Եթովպիայի և Էրիթրեայի գործով:

Նման արձանագրումներն էական նշանակություն են ունեցել Բոսնիա-Հերցեգովինայի գործով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993թ. 2 բանաձևերի ընդունման համար:

Սա այն է, ըստ էության, ինչ ես այդքան ասում եմ` կապված ապառազմականացված անվտանգության գոտու հետ:

Ինքս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (International Committee of the Red Cross) գործունեությանը հարգանքով եմ վերաբերվում և գնահատում եմ այն, բայց արդեն իսկ գոյություն ունի միջազգային հաստատված փորձ.

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ոչ թե տեսականորեն, այլ կոնկրետ գործով է ցույց տվել, որ այն միայն հումանիտար օգնություն տրամադրող կամ հիվանդանոցից պացիենտներ տեղափոխող կառույց չէ, այլ կառույց է, որ կարող է անել ավելի լուրջ, մարդկանց աղետից երաշխիքներով պաշտպանելուն ուղղված քայլեր` հստակ արձանագելով, որ տեղի են ունենում էթնիկ զտումներ բոլոր կոմպոնենտներով և միջազգային հանրությանն առաջարկել ձևավորել քաղաքացիական բնակչության պաշտպանության կոնկրետ մեխանիզմներ:

Ցավոք, մեր դեպքում անգամ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշված միակ միջազգային կառույցը` ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը մինչ օրս ոտք չի դրել Արցախ»:

  • Կիսվել: