շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կարեն Անդրեասյանը ներկայացրել է, թե ԱՆ-ն ինչ աշխատանք է կատարել հակակոռուպցիոն ոլորտում

Կարեն Անդրեասյանը ներկայացրել է, թե ԱՆ-ն ինչ աշխատանք է կատարել հակակոռուպցիոն ոլորտում

Արդարադատության նախարարությունը ճիշտ է՝ չի իրականացնում հակակոռուպցիոն աշխատանք, բայց նախարարությունը 2021 թվականին հսկայական աշխատանք է կատարել հակակոռուպցիոն համակարգ ներդնելու և հակակոռուպցիոն համակարգը զարգացնելու ուղղությամբ: Այս մասին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացնելով 2021 թվականին հակակոռուպցիոն ոլորտում կատարված աշխատանքները: 

Արդարադատության նախարարը նշեց կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտին առնչվող չորս օղակ` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Հակակոռուպցիոն կոմիտեն,  Դատախազությունում ստեղծված Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունը և Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը, ինչպես նաև Հակակոռուպցիոն դատարանները:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իրականացրել ենք աջակցող դերակատարում, օրենսդրության զարգացման աշխատանքներ ենք կատարել, նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ենթակա հայտարարատու պաշտոնատար անձանց թիվն է եռապատկվել` 3200-ից հասցնելով 9000-ի: Այդ կազմակերպչական և բազմաթիվ օրենսդրական աշխատանքներում ամբողջությամբ աջակցել ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Արդյունքները, կարծում եմ, տեսանելի են շատերին, ովքեր նեղ մասնագիտացած են այս ուղղությամբ»,- ասաց Անդրեասյանը:

Անդրադառնալով մյուս կարևոր ուղղությանը Անդրեասյանը Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը նշեց: Նրա խոսքով օրենսդրական բազան  ամբողջությամբ մշակվել է նախարարության կողմից, Կառավարությունը նաև հսկայական միջոցներ է հատկացրել, որպեսզի Հակակոռուպցիոն կոմիտեն ձևավորվի և դրա աշխատանքներն արդեն սկսված են:

«Արդեն արդյունքները տեսնում ենք 2022 թվականին առանձին կոնկրետ գործերի տեսքով: Այս բլոկում շատ կարևոր է նաև Դատախազությունում առանձին միավորների ստեղծումը` Կոռուպցիայի դեմ պայքարի համապատասխան ստորաբաժանումը և նաև Ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչությունը»,- հայտնեց Անդրեասյանը:

Նախարարը այս օղակի մեջ ամենակարևոր օղակը համարում է  հակակոռուպցիոն դատարանները, որոնք ստեղծվել են երեք ատյաններում և 2021 թվականին հսկայական աշխատանքներ են իրականացվել թե օրենսդրական, թե տեխնիկական ուղղությամբ:

  • Կիսվել: