հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության թեմայով դասընթաց Ծաղկաձորում. արդեն վերապատրաստվել է 125 ոստիկան

Կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության թեմայով դասընթաց Ծաղկաձորում. արդեն վերապատրաստվել է 125 ոստիկան

Հոկտեմբերի 14-ից 15-ը Ծաղկաձորում անցկացվեց «Ոստիկանության արձագանքը կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության» թեմայով  հերթական դասընթացը, որին մասնակցել են ոստիկանության 25 ծառայողներ, այդ թվում՝ ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետ Էդգար Պետրոսյանը, նույն վարչության պետի տեղակալ Հայկ Մկրտչյանն ու տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

Ոստիկանությունից հայտնում են, որ դասընթացը կազմակերպել էր ԵԽ Երևանյան գրասենյակը՝ «Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում»  ծրագրի շրջանակներում։

Ներկայացվել են կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության պատճառները, դրանց դեմ պայքարի օրենսդրական գործիքները, հասարակության իրազեկվածության բարձրացումը, աջակցության կենտրոնների և բռնարարներին ուղղված ծրագրերի նշանակությունը։

Կարևորելով ոստիկանության ծառայողների գործնական հմտությունների զարգացումը՝ անցկացվել են գործնական վարժություններ։ Ծրագրի շրջանակներում արդեն իսկ վերապատրաստվել է 125 ոստիկան։ Դասընթացը վարել են ծրագրի ղեկավար Լիանա Ամիրբեկյանը, իրավագիտության թեկնածու, փորձագետ Արմեն Գրիգորյանը և «Կանանց աջակցման կենտրոնի» տնօրեն Մարո Մաթոսյանը։ Նմանօրինակ դասընթացները շարունակական են։

 

  • Կիսվել: