կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Կալանավորվել են «Լեդի Հակոբի» եղբորորդին և մի քանի կգ թմրամիջոցի հայտնաբերման գործով անցնող 9 անձ

Կալանավորվել են «Լեդի Հակոբի» եղբորորդին և մի քանի կգ թմրամիջոցի հայտնաբերման գործով անցնող 9 անձ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 25-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանում մի քանի դռնփակ դատական նիստեր են տեղի ունեցել, որոնք անցկացրել են մի քանի դատավորներ: Նրանք բավարարել են քննիչների միջնորդությունները, և դատարան բերված բոլոր կասկածյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 2-ամսյա կալանքը։

Դատարան են բերվել օրերս վնասազերծված անձինք, որոնց մեջ է եղել հանրությանը հայտնի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Լեդի Հակոբ» մականվամբ Հակոբ Հակոբյանի եղբոր՝ Մալաթիայում հայտնի միրգ-բանջարեղենի շուկայի սեփականատեր Սիմոն Հակոբյանի որդին՝ Երևանի բնակիչ 43-ամյա Վարդան Հակոբյանը։

Դատարանը կալանավորել է նաև 36-ամյա Արծրուն Ստեփանյանին, 44-ամյա Գևորգ Սարգսյանին, 32-ամյա Սերյոժա Թովմասյանին, 42-ամյա Վիգեն Առաքելյանին, 36-ամյա Իգիթ Հակոբյանին, 43-ամյա Վահան Ղազարյանին, 30-ամյա Արմեն Գալստյանին և 43-ամյա Վահրամ Տոնոյանին։ 

Բոլորը դատարանի դահլիճից տեղափոխվել են ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության քրեակատարողական հիմնարկներ։ 

Ինչպես տեղեկացրել էինք, ոստիկաններն ու քննիչները Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տարածքում հայտնաբերել էին խոշոր չափի թմրամիջոցներ, այդ թվում՝ մշակված, կիսամշակված, մեծ քանակությամբ զենք-զինամթերք, խոշոր չափի գումար, այդ թվում՝ արտասահմանյան արժույթով։ 

Եղել են կասկածներ, որ այդ գումարները գոյացել են թմրամիջոցների առք ու վաճառքից։ 

  • Կիսվել: