երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կալանավորվել է Գարեգին Բ-ի եղբորորդին

Կալանավորվել է Գարեգին Բ-ի եղբորորդին

Քիչ առաջ դատարանը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Շիրոյանի նախագահությամբ բավարարեց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդու՝ Կորյուն Ներսիսյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Ներսիսյանը 2 ամսով կալանավորվեց։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դատախազությունը հայտնել էր, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ․ Ն-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն․ Դ-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար Գ․ Գ-ի և Ն․Ա-ի օժանդակությամբ և միջնորդությամբ Ն․ Դ-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2․500․000 ՀՀ դրամ կաշառք։

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար 10.06.2022 թ-ին Կ. Ն-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալ):

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի 2022թ․ հունիսի 8-ի որոշմամբ՝ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ hակակոռուպցիոն կոմիտե:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ անդրադարձել էր դեպքի հետ կապված տարբեր խմբերում արված հրապարակումներին և նշել, որ կաթողիկոսին կամ որևէ այլ հայտնի կամ անհայտ մեկի հետ անձի բարեկամական կապ ունենալ-չունենալը որևէ դեր չունի և չի կարող ունենալ, քանի որ օրենքի առջև հավասար են բոլորը, հավասար են նաև օրենքի առջև պատասխանատվության հարցում, և որևէ բացառություն լինել չի կարող ու չի լինելու:

 

  • Կիսվել: