ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քնած տեղը մի գիշերում 15 զոհ են տվել, հետո նույն օրը գնացել Իջևան՝ խնջույքի. զինվորական կացարանի հրդեհից մահացած զինծառայողներից մեկի ծնող

Քնած տեղը մի գիշերում 15 զոհ են տվել, հետո նույն օրը գնացել Իջևան՝ խնջույքի. զինվորական կացարանի հրդեհից մահացած զինծառայողներից մեկի ծնող

Այսօր Եղիշեն՝ կապիտան Եղիշե Կիրակոսյանը, ուզում է փրկվի, մենք չգիտենք, թե  մինչև հրդեհը ինքն ինչ գործողություն է կատարել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազատ գյուղում զինվորական կացարանի հրդեհից մահացած զինծառայողներից Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանը:

«Իմ ծառայության ընթացքում ես չեմ տեսել, որ հրամանատարը վառարան վառի, ինչպես ողջ մնացածներն են ասում՝ վառարանը վառվում էր, պատճառը որն էր վառարանը թեժացնելու։ 28 քմ տարածքում 22 հոգի ապրելու դեպքում վառարան վառելու կարիք չի զգացվում: Եթե վառարանը վառվել է միջանցքում, ննջասենյակի դուռը փակ է եղել, այսինքն՝ զինվորները չէին մրսում, այդ դեպքում վառարանը վառելն ո՞ւմ էր պետք»,- ասաց նա:

Մեկ այլ ծնող էլ ասաց, որ փորձում են ծածկադմփոց անել։

«Այս ամենը ծածկադմփոց անելու լավագույն միջոցն է, որի հրամանը եկել է վերևից: Ամեն դեպքում, մինչև այսօր ես դա եմ տեսնում։ Զինդատախազին մեր գլխավոր հարցն այն է լինելու, որ 2,5 ամիս անցել է, ի՞նչ աշխատանք եք կատարել տվյալ ուղղությամբ, բացի մեկը մեկին հակասող ցուցմունքներից։ Ընդհանրապես մտադի՞ր եք այս գործը բացահայտել, թե՞ չէ: Քնած տեղը մի գիշերում 15 զոհ են տվել, էդքանից հետո նույն օրը գնացել են Իջևանում խնջույքի են մասնակցել՝ սգո օր հայտարարելու փոխարեն: Եթե այդ երեխաները ձեզ պետք չէին, մեզ համար ամենաթանկն էին, տայիք մեզ: Ինչո՞ւ նրանց համար պայմաններ չեն ստեղծել, ինչու չեն հետևել: Երեխաների դիերը դեռ դիահերձարաններում էին,  իրենք գնացել են խնջույքի»,- ասաց ծնողը։

Անդրադառնալով դեպքին հաջորդած օրը հրդեհի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը՝ զինվորի հայրը նշեց՝

«Դու ինչ գործ ունես այդ պահին ելույթ ունենաս, հայտարարություն անես: Քո հայտարարություն անելու ժամանակը չի, դու նստի տեղդ, սպասի, թե քեզ ինչ են զեկուցում: Այդտեղից երևաց, որ այս գործը դեպի ծածկադմփոց է գնում»:

  • Կիսվել: