երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ջրվեժ համայնքում սպանություն կատարելու համար մեղադրվող անձը կալանավորվել է

Ջրվեժ համայնքում սպանություն կատարելու համար մեղադրվող անձը կալանավորվել է

Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի բաժնում իրականացված քննությամբ պարզվել են 2023թ․ մարտի 1-ին Ջրվեժ համայնքում տեղի ունեցած սպանության դեպքի էական հանգամանքներ:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ մարտի 1-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ 34-ամյա տղամարդը ինքնությունները չպարզված անձանց հետ միասին Ջրվեժ համայնքում գործող խանութի դիմաց վիճաբանության մեջ է մտել Ջրվեժ համայնքի 49-ամյա բնակչի, վերջինիս որդու և մի քանի այլ անձանց հետ տաղավարի հողատարածքի ձևափոխման հարցի շուրջ։ Անձինք սկսել են ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնել միմյանց, որի ժամանակ Ջրվեժ համայնքի 49-ամյա բնակիչը վայր է ընկել, իսկ 34-ամյա տղամարդը քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում ձեռք բերած և իր մոտ պահվող հրազենից կրակոց է արձակել Ջրվեժ համայնքի 49-ամյա բնակչի գլխի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք։ Ապա իր հետ դեպքի վայր եկած անձանց հետ նա դիմել էր փախուստի: 

Երևան քաղաքի 34-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով: Հաշվի առնելով, որ նրա գտնվելու վայրը հայտնի չէ՝ հանձնարարություն էր տրվել ոստիկանությանը նրան ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին, և անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Շարունակվող նախաքննության ընթացքում Ոստիկանության հետ համատեղ կատարված աշխատանքի արդյունքում քրեական հետապնդման ենթարկվող անձը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, ում ներկայացվել է մեղադրանք։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը։

Դատարան միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի 34-ամյա բնակչի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու հարցը վերստին քննարկելու վերաբերյալ, որը բավարարվել է, և անձը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ միջադեպին մասնակից  մյուս անձանց ինքնությունները պարզելու, վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: