ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իսկ ո՞վ է ասել, որ չկան պարկեշտ դատավորներ. Նաիրա Զոհրաբյան

Իսկ ո՞վ է ասել, որ չկան պարկեշտ դատավորներ. Նաիրա Զոհրաբյան

«Եթե դուք կարծում եք, որ դատական բավականին խնդրահարույց համակարգը ենթարկում եք ռեստարտի, ապա պետք է հիասթափեցնեմ ձեզ, այս նախագծի փաթեթը բնավ չի լուծում արդար դատարանի խնդիրը»,- այսօր Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝  այս նախագծով դատական համակարգը սարքում են կախյալ՝ պետական տարբեր ինստիտուտներից:

«Ինձ համար բացարձակ նշանակություն չունի, թե այս դատական համակարգը կախյալ է եղել նախկիններից, հիմա էլ կախյալ կլինի ներկայիս իշխանության տարբեր գերատեսչություններից։ Ինչու են իշխանության ներկայացուցիչները փորձառության հոմանիշ բերում կոռուպցիոները, բեզպրեդելը, հովանավորչությունը: Մենք ինչու ենք վիրավորում մի ամբողջ համակարգի, ես եղել եմ այն լրագրողն ու պատգամավորը, որ մշտապես ասել եմ՝  մեր դատական համակարգը ախտահարված է, բայց երբևէ ինձ թույլ չեմ տվել բոլորին դնել նույն զամբյուղի մեջ և ասել՝ դուք կոռուպցիոներ եք, քանի որ այսքան տարի աշխատում եք, դուք ունեք փորձառություն։ Իսկ ո՞վ է ասել, որ փորձառու մարդկանց մեջ չկան պարկեշտ դատավորներ, որոնք ևս ուզում են ունենալ արդար դատական համակարգ, ուզում են կախյալ չլինել ոչ վարչապետից, ոչ նախագահից, ոչ ԱԺ-ից»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ նրա, արդար դատական համակարգ ունենալու համար պետք էր մեսիջները ճշգրիտ ներկայացվեր այս նախագծում, մինչդեռ նախագծում կատարյալ խառնաշփոթ է։

Նաիրա Զոհրաբյանն ասաց նաև, որ իր համար խնդրահարույց է մնում դատական գործերի ձգձգման խնդիրը:

«Այս պահին դատապարտյալների հիվանդանոցում է գտնվում Արթուր Մեխակի Շահինյանը՝ երկու երիկամը չի աշխատում, և նրան երկու-երեք օրը մեկ տեղափոխում են դիալիզի։ Միջգերատեսչական հանձնաժողովը որոշել է, որ հիվանդությունը անհամատեղելի է նրա պատիժը կրելու հետ, բայց դատարանը կրկին մերժել է պատժից ազատել: Նրա երիկամները չեն աշխատում, միջգերատեսչական հանձնաժողովն ասել է՝ կմեռնի: Դուք էլ գիտեք, որ այս պահին դատապարտյալների հիվանդանոցում էլ ոտքը կտրած, էլ  ձեռքը կտրած, մեր ներկայությամբ շաքարը չափում են, ապարատը տրաքում է: Հիմա հասկանանք՝ այս մարդկանց խնդիրը ոնց ենք լուծելու, ինչու են այս դատավորները վախեցած, ահաբեկված, սա էլ է պրոբլեմ, որ մի մասի մեջ այնքան է գրաքննիչը նստած, որ վախենում են վճիռը կայացնելուց՝ մտածելով, որ իրեն չմեղադրեն կոռուպցիայի և հովանավորչության մեջ»,- ասաց նա:

 

  • Կիսվել: