հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ինչո՞ւ ես թաքցնում, որ քեզ աշխատանքի չեմ ընդունել, դրա համար ես լարված ինձ հետ. Աղվան Հովսեփյանը՝ Սասուն Խաչատրյանին

Ինչո՞ւ ես թաքցնում, որ քեզ աշխատանքի չեմ ընդունել, դրա համար ես լարված ինձ հետ. Աղվան Հովսեփյանը՝ Սասուն Խաչատրյանին

Երբ Սասուն Խաչատրյանին ազատեցին Դատախազությունից, եկավ ինձ մոտ, հանձնեց քննություններ, որ ընդունվի Քննչական կոմիտե՝ աշխատանքի, հանձնեց քննությունը, բայց ես նրան չընդունեցի։ Այս մասին այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում իր գործով դատական նիստին ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի այն հայտարարությանը, թե Աղվան Հովսեփյանն իրեն պարգեւատրել է, սակայն դա իրեն չի խանգարում, որ Հովսեփյանին կալանավորի եւ գործը քննի։

Հովսեփյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Իմ բարեկամ Մհեր Խաչատրյանը, որը նրա հայրն է, որի հետ այժմ էլ ես մտերիմ հարաբերություններ ունեմ, նա նույնպես եկավ ինձ մոտ, խնդրելու, որ տղային ընդունեմ աշխատանքի, ես չընդունեցի նրան աշխատանքի։ Բացատրեցի, թե ինչու չեմ ընդունում աշխատանքի, որովհետեւ դատախազ աշխատած ժամանակ միջնորդագրեր էր ուղարկում ամենաշատը երեւի դատախազներից, քննիչներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։ Այդ միջնորդագրերի 90 տոկոսը մերժվում էր որպես անհիմն եւ անօրինական։ Այդ ընթացքում աշխատակիցները նույնպես գալիս ու ասում էին՝ պարոն Հովսեփյան, հանկարծ չընդունեք աշխատանքի։ Ինչո՞ւ ես հանրությունից թաքցնում, որ Հովսեփյանը քեզ աշխատանքի չի ընդունել, դրա համար էլ դու լարված հարաբերություններ ունես Հովսեփյանի հետ՛՛:

Պաշտպաններն այս պահին դատարանին միջնորդում են Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխել։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին Հովսեփյանի պաշտպանները դատավոր Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, ինչը մերժվել էր։

 

  • Կիսվել: