ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ինչ է առաջարկվում իմքայլականների կողմից շրջանառության մեջ դրած՝ ՍԴ-ին վերաբերող նախագծով

Ինչ է առաջարկվում իմքայլականների կողմից շրջանառության մեջ դրած՝ ՍԴ-ին վերաբերող նախագծով

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ են դրել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, ըստ որի ՍԴ այն անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, պետք է դադարեն և նրանց փոխարեն պետք է նշանակվեն ՍԴ նոր անդամներ:

Նախագծով առաջարկվում է․

Հոդված 1. 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով 213-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) եւ նախագահի պաշտոնավարումը

Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված եւ Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, եւ պաշտոնավարումը դադարում է:

2. Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, ում պաշտոնավարումը չի դադարում սույն հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչեւ այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաեւ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը՝ որպես Սահմանադրական դատարանի անդամ պաշտոնավարած ժամկետը:

3. Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

4. Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է Սահմանադրական դատարանի դատավորների՝ սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:

Հոդված 2. Սույն Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  • Կիսվել: